
Արցախի համար միակ ընդունելի տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերականգնումն է. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 19-ին հանդիպել է «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության մի խումբ անդամների հետ:
Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկվել են Արցախի կարգավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին առնչվող հարցեր:
Խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ առկա իրողություններում կուսակցական շահը պետք է ստորադասվի համազգային նպատակներին:
«Արցախի ճանաչման ջանքերը պետք է ակտիվացվեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերականգնումը Արցախի համար միակ ընդունելի տարբերակն է», – շեշտել է խորհրդարանի ղեկավարը:
Հանդիպմանը քննարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված հարցեր: