Աշխարհում ավելի քան 4,4 մլն մարդ մեկ շաբաթում վարակվել է կորոնավիրուսով
Անցած շաբաթ աշխարհում ավելի քան 4,4 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով եւ մահացել ավելի քան 66.000-ը: Ինչպես օգոստոսի 18-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), 7 օրում ախտահարման նոր դեպքերի թիվը 2 տոկոսով գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշները, իսկ մահացությունը մնացել է մոտավորապես նույն մակարդակում:
«Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն աճում է վերջին երկու ամսվա ընթացքում. շաբաթվա (օգոստոսի 9–15) ընթացքում հաղորդումներ են ստացվել ավելի քան 4,4 միլիոն վարակվածների մասին»,- ասված է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում:
«Այս միտումն զգալի չափով կապված Արեւմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում վարակման դեպքերի ավելացման հետ, որոնք հայտնել են նախորդ շաբաթվա համեմատությամբ վարակվածների թվի համապատասխանաբար 14 տոկոսով եւ 8 տոկոսով աճի մասին»,- նշել են կազմակերպությունում:
Օգոստոսի 9-ից մինչեւ 15-ը հայտնաբերվել է 4 444 632 վարակված եւ արձանագրվել է մահվան 66 506 դեպք: Հիվանդացությունն աճել է 2 տոկոսով, իսկ մահացությունն, ԱՀԿ-ի տվյալներով՝ մնացել է նույն մակարդակում, ինչ որ նախորդ շաբաթ: Օգոստոսի 15-ի դրությամբ ընդամենն աշխարհում կար ախտահարման 206 714 291 դեպք:
Համավարակի սկզբից մահացել է 4 353 434 մարդ: Եվրոպայում 7 օրում վարակվել է ավելի քան 1,1 միլիոն մարդ եւ մահացել է ավելի քան 10.000 հիվանդացած: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,5 միլիոն դեպք եւ 19.000–ից ավելի մահացու վախճան:
Հարավ-արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 502.000 վարակված, մահացել է 19.000–ից ավելի մարդ: Շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թվի մասին ԱՀԿ-ին հայտնել է ԱՄՆ-ը (883․996):
Այնուհետեւ հետեւում են Իրանը (269 975) եւ Հնդկաստանը (258 121): ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ կորոնավիրուսի՝ բարձր վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, որը հայտնաբերվել է 2020 թվականի հոկտեմբերին Հնդկաստանում, ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ 142-ից մինչեւ 148 երկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: