«Մենք կանգնած ենք մեր դիրքերում և պատրաստ ենք հակազդելու հակառակորդի մյուս սադրիչ գործողություններին». Էդվարդ Ասրյան
ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չպատասխանեց հարցին, թե մայիսի 12-ից հետո Հայաստանի սահմանին քանի ադրբեջանցի զինվոր է գտնվում, նշելով, որ այս ամենը ռազմական ոլորտին վերաբերող հարց է, որը չպետք է հանրայնացվի։
«Ես հակառակորդին գնահատում եմ ոչ թե իր անհատների քանակով, այլ գնահատում եմ ստորաբաժանումների քանակով։ Ես չեմ կարող ասել, թե այսքան քանակով հակառակորդ կա մեր տարածքում»,- նշեց Էդվարդ Ասրյանը։
Ըստ բարձրաստիճան զինվորականի, երբ սահմանին մայիսի 12-ից սկսվել են սադրիչ գործողությունները, փոքր-ինչ հաջողություններ ունեցել են, դրանից հետո հակառակորդը որևէ հաջողություն չի գրանցել։
«Մենք կանգնած ենք մեր դիրքերում և պատրաստ ենք հակազդելու նրա մյուս սադրիչ գործողություններին։ Մենք ունենք ծրագրեր՝ ցանկացած գործողություններ տարբեր սցենարներով իրագործելու համար»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե թշնամին արդյո՞ք կդիմի լայնածավալ գործողությունների, գեներալը նշեց, որ հարցին չի կարող պատասխանել, քանի որ այն միջավայրի հարց չէ։
Ինչ վերաբերում է Տավուշում ռուս սահմանապահների տեղակայմանը, Էդվարդ Ասրյանն ասաց, որ դրա վերաբերյալ բոլոր հարցերը կարող են ուղղել ԱԱԾ սահմանապահ զորքերին։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի ունեցավ փակ հանդիպում սահմանային իրավիճակի վերաբերյալ։