Ալիևի հայտարարություններն ավելի են բարձրացնում մեր զգոնությունը, մեր դիրքերում պատրաստ ենք հետ մղել նրանց ցանկացած սադրիչ գործողություն». ԳՇ պետի տեղակալ
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում տեղի ունեցավ փակ հանդիպում սահմանային իրավիճակի վերաբերյալ, որին մասնակցում էր ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Էդվարդ Ասրյանը անդրադառնալով հանդիպմանը, փոխանցեց, որ քննարկել են մի շարք հարցեր՝ սահմանային իրավիճակը, արևելյան սահմանագոտում, ինչպես նաև Երասխի ուղղությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը։
«Խմբակցության անդամներին ներկայացրեցի՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել, և ներկա դրությամբ ինչպիսին է նա։ Կարող եմ փաստել, որ օպերատիվ մարտավարական իրադրությունում Զինված ուժերը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանվույն պատասխան։ Եթե հանրության շրջանում տարածված է այն, որ մենք ունենում ենք կորուստներ, իսկ հակառակորդը՝ ոչ, ապա այս ամենն իրականությանը չի համապատասխանում, հակառակորդը նույնպես կորուստներ ունի։ Մենք վերահսկում ենք մեր սահմանները, այդ խնդիրը, որն առաջադրված է ԶՈւ-ին, բանակին՝ կատարելու ենք պատվով»,- նշեց Էդվարդ Ասրյանը։
Ըստ նրա, հակառակորդը մնում է հակառակորդ: Յուրաքանչյուր երկրի համար հակառակորդ հանդիսացող պետությունը փորձելու է տարբեր միջոցներով ճնշում գործադրել դիմակայող պետության բանակի, սահմանային ուժերի վրա։
«Նույնն էլ Ադրբեջանը, որը փորձում է ճնշել մեզ, բայց դա նրան չի հաջողվում։ Երբ մենք ասում ենք՝ Սև լճի տարածք, չի նշանակում, որ բոլոր գործողությունները տեղի են ունենում անմիջապես այդ տարածքում, դա դեպի հարավ որոշակի ուղղությամբ է։ Հակառակորդը փորձել է մոտենալ մեր մարտական դիրքին, նա չէր գտնվում այնպիսի հեռավորության վրա, որ մեզ վնաս պատճառեր, միջդիրքային տարածքում՝ մեր և նրանց դիրքերի արանքում, մեր զինծառայողների մարտական ծառայության նպատակային իրականացման պարագայում՝ գիշերային ժամերին հաջողվել է հայտնաբերել հակառակորդին, կրակային ազդեցություն գործել, որի արդյունքում նա կորուստ տալով՝ հետ է քաշվել, նա, կարող է, առաջխաղացման միտում չի ունեցել, առաջխաղացումը ռազմական տերմինաբանության մեջ կարող է տարբեր կերպ հասկացվել»,- հավելեց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, մասնավորապես, որ Սև լիճն իրենցն է, պաշտոնյան նկատեց. «Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել՝ ինչ կամենում է, բայց դա իրողությանը չի համապատասխանում, դա խեղաթյուրված պատմություն է, որը մեզ համար հիմք չի հանդիսանում, նրա հայտարարություններն ավելի են բարձրացնում մեր զգոնությունը, մենք մեր դիրքերում պատրաստ ենք հետ մղել նրանց ցանկացած սադրիչ գործողություն»։