«Ինձ համար մեծ պատիվ է լինել այն թիմի կազմում, ով հանձն է առել այսպիսի ծրագիր իրագործել». Վահան Քերոբյան

«Շատ կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ մեզ համար անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է տնտեսական զարգացումը և սոցիալական կայունությունը: Այս առումով մենք կարևորում ենք, որ ունենանք զարգացող և հարկունակ տնտեսություն, որը կգոյացնի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և  Արցախի անվտանգությունը, բնականոն կյանքն ապահովելու համար»,- օգոստոսի 18-ին կառավարության ծրագիրը ներկայացնելիս նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ նման ռեսուրսներ կարող է ապահովել միայն բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտադրողական, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված, մրցունակ և  ներառական տնտեսությունը։

Այս համատեքստում վարչապետը նաև տեղեկացրել է, որ մինչև 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են՝ համախառն ներքին արդյունքի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9 տոկոս, ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել համախառն ներքին արդյունքի 25 տոկոսի, 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ ապահովել։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Էկոնոմիկայի վերանշանակված նախարար Վահան  Քերոբյանը, անդրադառնալով վարչապետի հնչեցրած թվային թիրախներին՝ վստահեցրեց. «Այդ ռեալիստական, բայց օպտիմիստիկ նպատակները հնարավոր են, եթե մենք առանց մեզ խնայելու աշխատենք առաջիկա հինգ տարիների ընթացքում»:

Վահան Քերոբյանն ասաց, որ ծրագրում կան շատ բաղձալի նպատակներ, ապա մանրամասնեց. «Թե՛ կրթության ոլորտում, որտեղ մենք ասում ենք՝ պետք է կառուցենք 500 մանկապարտեզ և 300 դպրոց՝  ըստ էության, դրանով մեր երկրի բոլոր երեխաներին հնարավորություն տալով հասնել ցանկացած նպատակի, առողջապահության ոլորտում 50 հիվանդանոց պետք է վերակառուցենք և կառուցենք՝ դրանով մեր առողջապահական համակարգն ենք փորձելու դարձնել արդիական և անել այնպես, որ Հայաստանում ապրող մարդիկ հնարավորություն ունենան օգտվել նույն առողջապահական ծառայություններից՝ ինչպիսին,  օրինակ, արևմտյան երկրներում, ենթակառուցվածքների ոլորտում ունենք մեծ անելիքներ՝ ջրամբարների, ճանապարհների, նաև այն հիմնական ենթակառուցվածքների՝ լույս, գազ, ջուր, որակյալ ենթակառուցվածքներ ապահովելու հարցում:

Տնտեսության մասում, գիտեք, որ մենք հանձնառել ենք ստեղծել առնվազն 7 տոկոս լրացուցիչ տնտեսական աճ ամեն տարի, և թիրախը պետք է լինի 9 տոկոս տնտեսական աճը: Նաև շատ այլ հանձնառություններ ունենք. կառավարության ծրագիը լի է թվերով, թվային ցուցանիշներով, և այդ առումով՝ ես էլի եմ կրկնում՝ ինձ համար մեծ պատիվ է լինել այն թիմի կազմում, ով հանձն է առել այսպիսի ծրագիր իրագործել»,- խոստովանեց նախարար Վահան Քերոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս