Յակուտիայում երեխաների մոտ առաջին անգամ COVID-19-ի ծանր դեպքեր են գրանցվել
Յակուտիայում առաջին անգամ կորոնավիրուսով հիվանդացության ծանր դեպքեր են գրանցվել երեխաների շրջանում: Այդ մասին հայտնել է հանրապետության կառավարության փոխնախագահ Օլգա Բալաբկինան՝ հանդես գալով օպերատիվ շտաբի ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ անցած օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 143 նոր դեպք, այդ թվում՝ Յակուտսկում՝ 80: Հանրապետության լաբորատորիաներում անցկացվել է կորոնավիրուսի 3310 հետազոտություն:
Ընդամենը համավարակի սկզբից ի վեր մշակվել է 1 մլն 308․563 թեստ:
«Մենք երեխաների մոտ առաջին անգամ գրանցել ենք նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության 3-րդ աստիճանի ծանրության երկու դեպք: Այդ կապակցությամբ ձեր ուշադրությունն ենք հրավիրում, առջեւում դպրոցական, մանկապարտեզի տարեշրջանն է… քանի որ երեխաները չեն պատկանում քաղաքացիների այն կատեգորիաներին, որոնց թույլատրված է պատվաստումը… մեծ խնդրանք ծնողներին…գալ պատվաստման կետեր»,-ասել է Բալաբկինան:
Փոխնախագահի խոսքով՝ Յակուտիայում COVID-19-ի դեմ պատվաստում ստանում են 45 բուժհաստատություններում, բացվել է պատվաստման 273 կետ, աշխատում են 140 շրջիկ բրիգադները, 20 շրջիկ կետեր:
Վերջին շաբաթվա ընթացքում Յակուտիան մտնում է Ռուսաստանի՝ պատվաստման բարձր տեմպեր արձանագրող տարածաշրջանների հնգյակի մեջ:
Ընդամենը հանրապետությունում ստացվել է պատվաստանյութերի 329․555 չափաբաժին, օգտագործվել է ընդհանուր ծավալի 89,9 տոկոսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յակուտսկում կորոնավիրուսով ախտահարված երեխաների համար լրացուցիչ ստացիոնար են բացում մանկական բնակչության շրջանում հիվանդացածների թվի աճի պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: