«Ես սահմանապահ զորքերի փոխարեն չեմ կարող պատասխան տալ, բայց այնտեղ ընդհանուր առմամբ լարված վիճակ է, գյուղում վիճակը նորմալ է». Նորաբակի գյուղապետ
Ադրբեջանական կողմն օգոստոսի 16-ի երեկոյան ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի դիրքերի ուղղությամբ, թիրախ ընտրելով նաև սահմանամերձ գյուղերը՝ Կութ, Ազատան, Նորաբակ։
168.am–ի հետ զրույցում Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատարյանն ասաց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, կրակոցները հնչել են գյուղի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, որևէ մեկը չի վնասվել։
«Ինչ վերաբերում է դիրքերին, ապա ես սահմանապահ զորքերի փոխարեն չեմ կարող պատասխան տալ, բայց այնտեղ, ընդհանուր առմամբ, լարված վիճակ է։ Իսկ գյուղում նորմալ է վիճակը, ամեն մեկն իր գործին է, կարևորը՝ բնակիչները խուճապի մեջ չեն ընկնում, դեռ սպասում ենք, տեսնենք՝ այս ամենի վերջն ինչ է լինելու, տեսնենք՝ այս կրակոցներն ավելի կմոտենա՞ն, թե՞ ոչ»,- նշեց Վազգեն Ասատրյանը։
Գյուղապետի խոսքով՝ կրակոցների ժամանակ գյուղացիները որևէ կոնկրետ քայլ չեն անում, շարունակում են իրենց առօրյա գործերը։
«Սա գյուղ է, հազար ու մի գործ կա, պատկերացնում եք՝ թշնամին 6 ժամ կրակում է, ու գյուղացիները 6 ժամ շարունակ հավաքվեն որևէ տեղ ու բան չանեն։ Գյուղի գործ է, բայց որ բոլորը հավաքվեն իրար վրա, սաղ վարի կգնան»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։
Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։