«Թալիբանի ամենասերտ դաշնակիցներից մեկը լինելու է Թուրքիան»․ թուրք լրագրող
Թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթի թղթակից Մուսա Օզուղուրլուն սյունակում անդրադարձել է Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանած Թալիբան շարժման հետ Անկարայի հնարավոր համագործակցության թեմային: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լրագրողի կարծիքով՝ Թալիբանի ամենամոտ դաշնակիցը լինելու է Թուրքիան, Պակիստանը և Կատարը, իսկ սերտ հարաբերություններ կառուցելու պատճառը՝ քաղաքական իսլամը:
Նա նշել է, որ դեռևս շարունակվում է Թուրքիայի և Կատարի կողմից «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության և Պակիստանի կողմից Թալիբան շարժման վրա ազդեցությունը:
Օզուղուլուի դիտարկմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև Պակիստանի և Կատարի ղեկավարները քաղաքական առավելություն և ուժ ձեռք բերելու համար որևէ խոչընդոտ չեն տեսնում տարբեր մակարդակով կրոնական կազմակերպությունների հետ միասին գործելու մեջ:
Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ Աֆղանստանի վերջին զարգացումների շուրջ հայտարարություններին, լրագրողը պնդել է, որ իր երկրի ղեկավարությունը վճռական է տրամադրված Թալիբանին Թուրքիայի նոր դաշնակիցը դարձնելու հարցում: