Թշնամին կրկին կրակում է Սոթքի ուղղությամբ, տարհանել են ոսկու հանքի աշխատակիցներին
Թշնամին կրկին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուղղությամբ։ Բնակիչները 168.am-ի հետ զրույցում ասացին, որ ադրբեջանցիները սկսել են կրակել ժամը 15։00-ի սահմաններում։
«Նոր մեր տղերքն իջան հանքի կողմից, բարձրացել խոտ էին հավաքում, ասացին՝ կրակոցներ եղան, իջանք ներքև։ Ճիշտ է՝ երեկվա պես լարված չէ, բայց օչերեդով կրակում են»,- պատմեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ Սոթքի ոսկու հանքից աշխատակիցներին տարհանում են։
«GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը:
«Վիճակն էլի լարված է, հանքի տարածքում վերսկսվել են անկանոն կրակոցներ, այսինքն՝ այն սահմանային գոտում, որն անցնում է հանքի տարածքով, ուստի որոշում կայացրեցինք դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը, ապա հավելեց, որ սահմանային միջադեպերով պայմանավորված՝ երեկ ևս հանքավայրի աշխատակիցները տարհանվել էին։
Հիշեցնենք, որ երեկ Գեղարքունիքի հատվածում հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով 19-ամյա զինծառայող է զոհվել. ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ երեկ 18:10-ի սահմաններում Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Երեկ երեկոյան 168.am-ին ահազանգած Սոթքի բնակիչները նաև տեսանյութ էին տրամադրել, որտեղ երևում են թշնամու ԱԹՍ-ները: