Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով կալանավորել Արմեն Չարչյանին. «Փաստինֆո»

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է Չարչյանի խափանման միջոցի հարցը և հուլիսի 21-ին նրան կալանքից ազատել՝ բավարարելով Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15 մլն ՀՀ դրամը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մեղադրող դատախազ Մարգարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը, իսկ Չարչյանի նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորումը համարել հիմնավորված և թողնել անփոփոխ։ Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի նախագահի կողմից օգոստոսի 10-ին մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանին։

Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։

Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։

Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։ Այժմ քրեական գործը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի վարույթում։

Տեսանյութեր

Լրահոս