Եվրոպան պետք է հումանիտար միջանցքներ ստեղծի Աֆղանստանից փախստականների համար. ԵՀ
Եվրոպայի երկրները պետք է ստեղծեն հումանիտար միջանցքներ Աֆղանստանից փախստականների կազմակերպված ընդունման համար: Օգոստոսի 17-ին այդ մասին, հայտնել է էկոնոմիկայի հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին, հաղորդել է Reuters գործակալությունը:
«Կարծում եմ, որ Եվրոպան անխուսափելիորեն ստիպված կլինի ստեղծելու հումանիտար միջանցքներ եւ վարելու (փախստականների) կազմակերպված ընդունում՝ անօրինական միգրանտների չվերահսկվող հոսքերից խուսափելու համար»,- ասել է նա:
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 17-ին տեսախորհրդաժողովի ձեւաչափով կանցկացնեն արտակարգ կոնսուլտացիաներ Աֆղանստանի իրադրության շուրջը: Եվրամիությունը ներկայումս մտահոգված է Քաբուլից իր դիվանագիտական եւ տեխնիկական անձնակազմի տարահանմամբ, նաեւ քննարկվում են այն աֆղաններին ապաստանի տրամադրման հարցերն, ովքեր աշխատել են Եվրոպայի ներկայացուցչություններում:
«Թալիբանի» զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ վայր է դրել լիազորություններն՝ արյունահեղություն թույլ չտալու համար եւ հեռացել է երկրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: