
Հայտնի է Ռուսաստանում շամանների թիվը

Մոտավորապես 4 հազար շաման է աշխատում Ռուսաստանում, նրանց քանակն ամեն տարի աճում է: Այդ մասին Շամանների համառուսաստանյան երրորդ համագումարում, որն ամեն տարի անցկացվում է Տուվայի մայրաքաղաք Կիզիլում, ՌԻԱ Նովոստին հայտնել է Ռուսաստանի գլխավոր շաման Կարա-օօլ Դոպչուն-օօլը:
«Ամբողջ Ռուսաստանում շամանների թիվն ամեն տարի ավելանում է: Նրանք կազմում են շուրջ 4 հազար»,-հաղորդել է նա:
Կարա-օօլ Դոպչուն-օօլի խոսքով՝ Ռուսաստանում շամաններին են դիմում տարբեր ազգության եւ դավանանքի մարդիկ:
«Շամանիզմում ազգության եւ դավանանքի տարբերություններ չկան: Շամանը պարտավոր է օգնել մարդուն՝ օգտագործելով բնության ուժը»,-ընդգծել է նա:
Անցկացված համագումարում որոշում է ընդունվել՝ դիմել ՌԴ կառավարությանը՝ խնդրելով շամանիզմն ընդունել որպես Ռուսաստանի ավանդական կրոն, քննարկվել են նաեւ շամանների համառուսաստանյան կրոնական կազմակերպություն եւ շամանի «պատվի կոդեքս» ստեղծելու հարցերը՝ նվիրված անվայել գործողություններին: Դոպչուն-օօլը, ելույթ ունենալով համագումարում, նաեւ կոչ է արել շամաններին՝ ընդունել ժամանակակից սլավոնական հեթանոսության ներկայացուցիչների հավատալիքները:
Շամանների համառուսաստանյան առաջին համագումարը տեղի է ունեցել Կիզիլում, 2018 թվականին: Շամանների կիզիլյան տեղական կրոնական կազմակերպության՝ «Ադիգ-Էէրենի» («Արջի ոգի») ղեկավար Կարա-օօլ Դոպչուն-օօլն այստեղ ընտրվել է Ռուսաստանի գլխավոր շաման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: