Բաժիններ՝

Գեղհովիտում այս տարի իրականացվող շինարարական ծրագրերի ծավալը հասնում է 3 միլիարդ 257 միլիոն դրամի

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում այս պահին իրականացվող պետական ծրագրերի շինարարության ծավալը հասնում է 3 միլիարդ 257 հազար դրամի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը, ծրագրերից երկուսը դպրոցաշինական են, որոնք կազմում են 1 միլիարդ 950 միլիոն դրամ։ 1 միլիարդ 350 միլիոն դրամի հատկացմամբ կառուցվում է Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը, 600 միլիոն դրամի հատկացմամբ՝ Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի շենքը։Դպրոցական շենքերը նախատեսված է շահագործման հանձնել 2023 թվականի ընթացքում։

Հաջորդ խոշոր ծրագիրը վերաբերում է գյուղի խմելու ջրամատակարարման համակարգի նորացմանը, որի ուղղությամբ ներդրվել է շուրջ 900 միլիոն դրամ։ Ծրագիրը մեկնարկել է արդեն 15 օր եւ կավարտվի 24 ամսվա ընթացքում։ Եվս 280 միլիոն դրամ հատկացվել է գյուղի ոռոգման համակարգի կառուցմանը։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի վերջերից եւ կավարտվի այս տարեվերջին։ 127 միլիոն դրամի շինարարություն էլ իրականացվում է սուբվենցիոն 3 ծրագրերի շրջանակներում, որոնցից երկուսն այժմ ընթացքի մեջ են։ §Նման ծավալի շինարարություն Գեղհովիտն իր պատմության ողջ ընթացքում չի տեսել։

Ընդ որում, լուծում են ստանում կենսական նշանակության այնպիսի հիմնահարցեր, որոնց մեր համայնքի բնակիչները տասնամյակներով են սպասել, որոնց իրականացումը հեռավոր երազանք էր թվում, սակայն այսօր Գեղհովիտը վերածվել է շատ ակտիվ ու հսկայածավալ շինհրապարակի։ Բոլոր ծրագրերի ավարտից հետո մարդկանց կենսապայմանները կտրուկ բարելավվելու են բազմաթիվ ուղղություններով, որի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում հայրենի կառավարությանն ու Գեղարքունիքի մարզպետարանին, շինարարներին, միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչներին այս մեծածավալ ու կենսական կարեւոր նշանակության ծրագրերն իրականություն դարձնելու համար¦,-ներկայացրեց Վարդան Պողոսյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս