Բաժիններ՝

ՌԴ-ն կոչ է անում Աֆղանստանում ներգրավված բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից

Ռուսաստանը կոչ է անում Աֆղանստանում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից, աջակցել խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Աֆղանստանում բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում զերծ մնալ զինված գործողություններից և աջակցել խաղաղ ճանապարհով կարգավորմանը», նշել է Նեբենզյան:

ՌԴ մշտական ներկայացուցիչը ասել է, որ խորհրդում վերջին քննարկումից անցել է ընդամենը 10 օր, իսկ Աֆղանստանում իրավիճակն այդ ընթացքում անճանաչելիորեն փոխվել է:

«Այսօր մեր հայացքներն ուղղված են Քաբուլին, նախօրեին քաղաքը շտապ լքում էին հանրապետության առաջին դեմքերը, սովորական աֆղանները, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի մի մասը: Ակնհայտ է, որ նման սրընթաց շրջադարձն անակնկալ էր բոլորի համար, այդ թվում՝ նրանց, ովքեր դեռ վերջերս բարձրաձայն հայտարարել էին 20 տարվա ընթացքում պատրաստված և վերապատրաստված աֆղան ուժայինների մարտունակության բարձր մակարդակի մասին», – ընդգծել է նա:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանը հետևում է Աֆղանստանում տիրող իրավիճակին։

«Այս փուլում կարծում ենք, որ պետք չէ խուճապային տրամադրություններին տուրք տալ: Կարևոր է, որ հաջողվել է խուսափել զանգվածային արյունահեղության քաղաքացիական բնակչության շրջանում», – ասել է մշտական ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս