Թուրքիայի իշխանական կոալիցիայի մաս կազմող ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է Աֆղանստանի իրադարձություններին
Թուրքիայում իշխող կոալիցիայի մաս կազմող Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին խոսել է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը։
Բահչելին Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է մեծ տերություններին, որոնք «ազատություն և ժողովրդավարություն բերելու պահանջով խաղացել են այդ երկրի սոցիալական հավասարակշռության և արժեքների հետ»։
Նա, անդրադառնալով Թուրքական զինված ուժերի ներկայության պահպանմանը Աֆղանստանում, նշել է, որ անհնար է թուրք զինվորները դուրս բերվեն այնտեղից։
«Մեր զինվորների Աֆղանստանը լքելն անհնարին բան է: Աֆղանստանից վերադառնալը նշանակում է վտանգել Անատոլիայի աշխարհագրությունը»,- ասել է Բահչելին:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է աշխատել:
«Մեր դիվանագիտական առաքելությունների և բոլոր աշխատակիցների համար անհրաժեշտ միջոցառումները ի սկզբանե էինք ձեռնարկել: Քաբուլում մեր դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը»,- հայտնել է Չավուշօղլուն:
Թուրք նախարարը հավելել է նաև, որ նախապատրասվում են Աֆղանստանը լքել ցանկացող Թուրքիայի քաղաքացիների այնտեղից դուրսբերման աշխատանքները։