Երևանում բացվել է Մահաթմա Գանդիի արձանը
Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում (Հալաբյան և Մարգարյան փողոցների հատված) այսօր հանդիսավորությամբ տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, խաղաղության առաջամարտիկ Մահաթմա Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը:
«Հայ-հնդկական պատմական առնչությունները խորը արմատներ ունեն: Շատ վաղ ժամանակներից հայերը Հնդկաստանում լայն գործունեություն են ծավալել գրահրատարակչության, տնտեսության, առևտրի ոլորտներում: Եվ այս միջոցառումը այդ հարաբերությունների կայունության և առաջընթացի վկայությունն է: Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը Երևանում ընդունեք որպես հայ ժողովրդի հարգանքի տուրք հնդիկ ժողովրդի պատմության հանդեպ»,- մեծանուն գործչի արձանի բացման կապակցությամբ գործընկերներին շնորհավորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն շնորհակալություն է հայտնել հնդիկ առաջնորդի արձանը Երևանում տեղադրելու որոշման համար: «Այս արձանի տեղադրմամբ հայերը և Հնդկաստանի Հայաստան եկած հնդիկները մշտապես կհիշեն Մահաթմա Գանդիի սկզբունքներն ու գաղափարախոսությունը: Սա կլինի շարժիչ ուժ, որ մենք ավելի լավ աշխարհ ստեղծենք»,- ասել է Վիհայ Սահասրաբուդհեն: Անդրադառնալով Գանդիի գործունեությանը՝ նա նշել է, որ Մահաթմա Գանդին Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից էր: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը` առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքն իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ: Մահաթմա Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը, Հնդկաստանում նշվում է իբրև ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր:
Դեսպան Կիշան Դան Դեվալը նույնպես շնորհակալություն է հայտնել Երևանում Գանդիի արձանի բացման կապակցությամբ՝ այն համարելով հայ-հնդկական երկարամյա հարաբերությունների ամրապնդման և շարունակականության փաստարկ:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ