Կամչատկայում աղետի ենթարկված Մի-8 ուղղաթիռում գտել են երեք ուղևորի մարմին և «սև արկղը»
Կուրիլյան լճում ընկած Մի-8 ուղղաթիռում հայտնաբերել են նրանում գտնվող երեք ուղեւորի մարմին, ինչպես նաեւ, ենթադրվում է, «սեւ արկղը»: Այս մասին հայտնել է Կամչատկայի երկրամասի կառավարության փոխնախագահ Ռոման Վասիլեւսկին:
«Այսօր ուղղաթիռի եւ մարմինների որոնման ու դուրսբերման հիմնական բեռն ընկած է զինվորականների եւ ԱԻՆ-ի աշխատակիցների վրա: Այժմ բարձրացվել է հինգ զոհվածի մարմին, երեք մարմին հայտնաբերվել է ուղղաթիռի ներսում»,-ասել է Վասիլեւսկին, որի խոսքը մեջբերվում է երկրամասի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նրա խոսքով՝ տեղում աշխատում է զինվորականների երեք ստորաբաժանում՝ տարբեր հատուկ սարքավորմամբ, եւ ԱԻՆ-ի ջրասուզակներ:
«Այսօր զինվորականները հետազոտում են լճի հատակը: Մոտ օրերս որոշում կընդունվի այն մասին, թե ինչ եղանակով ուղղաթիռը դուրս բերել մակերեւույթ: Այսօրվա դրությամբ զինվորականներն զբաղվում են բեկորների հայտնաբերմամբ եւ քարտեզի վրա նշում, թե որտեղ են դրանք գտնվում: Ուղղաթիռի բոլոր հիմնական մասերը գտնվել են»,-հավելել է կառավարության փոխնախագահը:
Նա նշել է, որ օգոստոսի 15-ին փորձ է արվել հայտնվել ուղղաթիռի ներսում: Ելանցքի միջոցով հատուկ սարքավորման օգնությամբ օդանավում հայտնաբերվել է երեք զոհվածի մարմին եւ, ենթադրաբար, «սեւ արկղը»:
«Մասնագետները փորձում են բացել հետեւի փեղկը, որպեսզի այնտեղ կարողանա մտնել դրոնը՝ մարմինները դուրս բերելու համար: Ուղղաթիռի ինքնագրիչի բարձրացման համար նույնպես հատուկ սարքավորում է բերվել»,- ընդգծել է Վասիլեւսկին:
Օգոստոսի 12-ի առավոտյան «Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը, որի մեջ զբոսաշրջիկներ էին, ընկել է Կամչատկայի հարավում գտնվող Կուրիլյան լիճը: Ուղղաթիռում գտնվում էին անձնակազմի երեք անդամները եւ 13 ուղեւորներ, այդ թվում՝ մեկ երեխա: Ութ մարդ ողջ է մնացել, նրանցից չորսը վնասվածքներ են ստացել: Այն բանից հետո, երբ լճի մոտ տեխնիկա են բերել խորջրյա աշխատանքների համար, ուղղաթիռը գտնվել է ափից մոտավորապես 500 մետր հեռավորության վրա՝ 120 մետր խորությամբ:
Օգոստոսի 16-ին լճի հատակից հանել են հինգերորդ զոհվածի մարմինը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: