
Կառավարությունը կփոխհատուցի Արմեն Շեկոյանի հուղարկավորության ծախսերը

ՀՀ կառավարության որոշմամբ բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 1 միլիոն 680 հազար դրամ է հատկացվել: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:
Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, իսկ 1976-1990 թվականներին՝ «Ծիծեռնակ» ամսագրում, Գրականության ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1992-1997 թվականներին եղել է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը:
Սիրված են հեղինակի «Մետաքսի ճանապարհ», «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արևը», «Անձրև, անձրև, մի արի» և այլ գրքերը: Շեկոյանը կյանքից հեռացել է 68 տարեկանում: