«Նշանառու կրակոց է եղել ու կոնկրետ մեզ վրա են կրակել, հենց իմ կողքի հողաթմբին էին կպել գնդակները». Տեղ համայնքի ղեկավարը՝ թշնամու կրակոցների մասին
Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ․ այս մասին օգոստոսի 15-ին ահազանգել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
«Այս տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են գյուղի բնակիչները և պնդել, որ նշանառու կրակոցներ են արձակվել նաև ՀՀ զինված ուժերի դիրքերի վրա:
Խոսքն Արավուս գյուղի այն հատվածի մասին է, որտեղ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են քաղաքացիական տներից մի քանի հարյուր մետր հեռու:
Նրանց անմիջապես դիմաց են տեղակայված ՀՀ զինված ուժերը, որոնք կատարում են բնակիչների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու գործառույթ:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերի` ադրբեջանական կրակոցները դադարել են Տեղի համայնքային մարմինների, ՀՀ 1-ին բանակային կորպուսի և ՌԴ սահմանապահ ծառայության հրամանատարության ժամանումից հետո»,- նշված էր ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ի գիշերը, լույս 15-ին։
«Այդ պահին ես պոստում եմ եղել, կրակել են այն պոստին, որի ներքևի պոստում ես էի։ Դե մենք մտածեցինք, որ հնարավոր է՝ անկանոն կրակոցներ են, վազելով հասել ենք այդ պոստին, հետաքրքրվեցինք, տղաներն ասացին, որ նշանառու կրակոց է եղել ու կոնկրետ մեզ վրա են կրակել, հենց իմ կողքի հողաթմբին էին կպել գնդակները։ Կրակոցը գիշերն էր, ժամը 1։00-ի սահմաններում»,- նշեց Ներսես Շադունցը։
Ըստ նրա, դիրքերը, որի ուղղությամբ կրակել է թշնամին, մի քանի հարյուր մետր է բաժանում հայկական դիրքերից։
«Մեր բանակային կորպուսը պատրաստակամ է համապատասխան գործողությւոններ իրականացնելու համար։ Այս ամենի մասին տեղյակ ենք պահել նաև ռուս սահմանապահ զորքերին, նրանք անմիջապես ժամանեցին դեպքի վայր։ Դե այնպես էր, որ որևէ հրաման չկար, որևէ բան անելու։ Դրանից հետո մինչև այս պահը վիճակը հանգիստ է, որևէ կրակոց չի հնչել»,- հավելեց Նրեսես Շադունցը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ Տեղ համայնքի բոլոր գյուղերում շրջում են՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է։
«Մեր գյուղերի բոլոր կամավոր տղաները միշտ էլ պատրաստ են, հերթապահություն են անում, համագործակցելով մեր բանակային կորպուսի հետ, առանց իրենց որևէ այլ բան չի արվում։ Հիմա մեր գյուղացիներն էլ ավելի զգուշավոր դարձել, վերջին շաբաթների ընթացքում, փառք Աստծո, անասնագողության դեպք չի եղել, ժողովուրդը զգուշավոր է արդեն»,- եզրափակեց Տեղ համայնքի ղեկավարը։