5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավում
Օգոստոսի լույս 16-ի գիշերը 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավի Սամցխե Ջավախքի երկրամասի Նինոծմինդայի շրջանում: Այդ մասին ասված է հանրապետության Սեյսմիկ դիտազննման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ տարերքի էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինա քաղաքից 24 կիլոմետր և Սամեբա գյուղից 7 կիլոմետր հեռավորության վրա: Օջախն ընկած է եղել 7 կիլոմետր խորությունում:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05:44-ին (համընկնում է Երեւանի ժամանակի հետ): Մի քանի րոպե անց այդ նույն կետում տեղի է ունեցել 3,2 մագնիտուդով կրկնական երկրաշարժ: Առաջին և երկրորդ երկրաշարժի ժամանակ զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: