Գայթակղություը ամենալուրջ խնդիրներից մեկն է, որը հաղթահարելը ցավոք դժվար, բայց քրիստոնյայի առաքելությունն է
«Եվ վերջապես, զորացե՛ք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ. Եվ Աստծո սպառազինությունը հագե՛ք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարքներին» (Եփես. 6:10-11):
Գայթակղություը ամենալուրջ խնդիրներից մեկն է, որը հաղթահարելը ցավոք դժվար, բայց քրիստոնյայի առաքելությունն է: Աստվածաշնչում ասվում է. «Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգա» (Ղուկաս 17:1):
Գայթակղության մեջ մարդը կարող է հայտնվել շատ պատահաբար, երբեմն անգամ առանց գիտակցելու և հասկանալու: Շատ հաճախ մտածում ենք՝ գայթակղությունը դա մեղք գործելն է` գողություն, սպանություն կամ շնություն: Իրականում, մենք գայթակղվում ենք, երբ դառնում ենք նախանձ, ագահ, չարախոս ու բոլորիս թվում է՝ դրանք շատ փոքր մեղքեր են, որոնց անգամ ուշադրություն դարձնել չարժի:
Չարին տրվելը, հենց այսպես է սկսվում, երբ համոզում ենք ինքներս մեզ, որ մեր կատարած սխալները շատ չնչին են՝ ուրիշների համեմատ, բայց մեկ օր ինքներս մեր համար պարզում ենք, թե որքան շատ են մեր կատարած մեղքերը ու դրանց ծանրությունը: Ցավոք, սովոր ենք միշտ համեմատվել ուրիշների հետ և այդ համեմատության մեջ արդարացում գտնել մեր ամեն մի վատ ու ամոթալի արածների համար: Չարը միշտ փորձում է կործանել մեր հավատքը, նենգափոխել մեր մաքուր սիրտը, մեզ հեռացնել Աստծուց:
Ս. Գրիգոր Տաթևացին գրում է. «Մարդու գործած բոլոր մեղքերն արդյունք են չարի խաբեության և մարդու թույլ ու հեշտասեր կամքի»։ Ուրեմն, սատանայի խաբեությամբ է մարդը մեղանչում, բայց ո՛չ առանց իր կամքի ու հավանության. մարդը մեղանչում է ոչ թե հարկադրանքի տակ, այլ կամովին։ Ինչպես որ փրկության էլ հասնում է ո՛չ թե միայն Աստծո շնորհով կամ ո՛չ թե միայն իր մարդկային կամքով, այլ այս երկուսի համագործակցությամբ։
Այսպես ուրեմն, սատանայի միջոցով մեղանչում ենք ու նրա հետ դատապարտվում, Աստծո միջոցով մեղքից սրբվում ու Նրա հետ հավիտյան ապրում։ Այս ամենը գիտակցելով՝ փորձենք հավատարիմ ու ազնիվ լինել Տիրոջ առաջ, եթե անգամ չարի թակարդն ենք ընկնում, գիտակցենք, որ փրկությունը միայն Աստծո միջոցով է ու նրա հետ: