Այն, ինչ ունեք, ձեր երջանկությունն է
Մենք բոլորս վազում ենք, վազում ինքնամոռաց, շարունակ մտածում ինչ-որ բան գտնելու մասին ու վազելիս կոցրնում ենք այնքան, որքան որ չենք գտնում: Շարունակ նոր բան փնտրելու մոլուցքը մեզ թույլ չի տալիս հանգիստ ապրել:
Հաճախ ընկնում ենք թակարդը կարծելով, թե մեզ կերջանկացնի նոր մեքենան, շքեղ առանձնատունը, թանկարժեք զարդերը: Այս տարբերակը աշխատում է, բայց այն տևական երջանկություն չի կարող տալ մեզ: Հարստությունը, իշխանությունը, գեղեցկությունը և համբավը հարատև երջանկություն չեն բերում: Փոխարենը՝ իրական երջանկությունը գալիս է, Աստծո օրինակին հիտևելով, քրիստոնեական արժեքներ կրելով, ինչպիսիք են` մեծահոգությունը, սերը, արդարությունը և ողորմածությունը:
Երբեմն ինքներս էլ չենք հասկանում՝ ինչ է ցանկանում սիրտը. ներսում տիրող դատարկությունը խաբկանք է ստեղծում ու թվում է՝ նոր բան է հարկավոր կորցրած երջանկությունը գտնելու համար: Մի օր հասկանում ենք, որ ներսում կուտակված բացասական հույզերը այնքան շատ են, որ թույլ չեն տալիս հանգիստ ապրել: Կորցրածը գտնելը այլևս դառնում է գերխնդիր:
Հետաքրքիր է, որ «երջանկություն» բառը բացակայում է Աստվածաշնչում, սակայն այս թեման կենտրոնական տեղ է զբաղեցնում քրիստոնեության մեջ: Սուրբ Գրքում երջանկության ամենաբարձր դրսևորումը կոչվում է «երանություն»: Քրիստոնյայի համար ամենամեծ երջանկությունը Քրիստոսին ճանաչելն է: Աստվածաշունչն ասում է.«Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն Քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն և Հիսուս Քրիստոսին, որին Դու ուղարկեցիր»(Հովհ. 17:3):
Շատ հաճախ մեզ երջանիկ մարդ ենք համարում, հաճախ էլ ոչ, որովհետև չգիտենք դրա արժեքն ու կարևորությունը:
Իրականում երջանկությունն այն է, երբ դուք հավատում եք ինքներդ ձեզ և դրա համար պետք չէ որևէ մեկի հաստատումը:
Երջանիկ մարդ դառնալու համար պետք է երջանիկ զգալ: Սա նշանակում է, որ դուք պետք է հրաժարվեք այն մտքից, որ ձեր երջանկության զգացումը կախված է կյանքի որոշակի հանգամանքներից կամ կոնկրետ անձից:
Մարդկանց մեծ մասը մտածում է, որ դիմացինն ավելի երջանիկ է, քան ինքը: Ծայրահեղությունների մեջ ընկնելը, դժբախտի հոգեվիճակով ապրելը շատերին դուր է գալիս: Վստահեցնում եմ, կյանքում ամեն ինչ այդքան էլ վատ չի, պարզապես երբեմն մեզ տրված երջանկության հետ չգիտենք` ինչ անել, դրա համար էլ ուղղակի շրջանցում ենք այն:
Փորձեք վայելել յուրաքանչյուր րոպեն և երախտագիտությամբ ընդունել այն ամենը, ինչ տալիս է կյանքը: Երջանկության համար հարկավոր է սիրել և դրա դիմաց ոչինչ չսպասել: