
Բաղդադի շրջաններից մեկն ամբողջությամբ ջրազրկվել է, բնակիչները խմելու ջուր չունեն

Բաղդադի շրջաններից մեկը՝ Էլ-Կարխը, ամբողջությամբ մնացել է առանց ջրամատակարարման: Sky News Arabia-ն տեղեկացնում է, որ Իրաքում էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման հարցը շատ սուր է դրված: Տևական ժամանակ ռազմական գործողությունների հետևանքով ենթակառուցվածքները դուրս են եկել շարքից: Կա արդիականացման անհրաժեշտություն: Ամառային շոգի պայմաններում մարդիկ օրերով նստած են առանց էլեկտրաէներգիայի, չունեն խմելու ջուր: Ջրի բազմաթիվ աղբյուրներ պիտանի չեն խմելու համար:
Այս պայմաններում Իրաքի իշխանությունները հայտարարել են նոր ծրագրի գործարկման մասին, որը կապահովի բնակիչների ջրամատակարարումը: Նշվում է, որ ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի 15 տարվա ընթացքում: Այն նախատեսում է լայնամասշտաբ աշխատանք տարբեր ուղղություններով՝ սարքավորումների ամբողջական փոխարինում, գետերի հուների մաքրում, ջրամատակարարման ամբողջ համակարգի արդիականացում: