Հայաստանը և Ադրբեջանը չե՞ն բացառում նոր պատերազմը
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի՝ Մոսկվա այցի, և դրա շրջանակում ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ արդիականացմանը՝ և՛ երկկողմ հարաբերությունների, և՛ ՀԱՊԿ շրջանակում:
«Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»,- ասել է Շոյգուն Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին նրան դաշույն նվիրելու ժամանակ:
Հնարավոր է, որ խոսքը ՀՕՊ, ՌԷՊ և հրետանային միջոցների մասին է: Սպառազինության ընտրությունը, բնականաբար, համահունչ պիտի լինի ՀՀ ԶՈւ բարեփոխումներին, կառուցվածքային փոփոխություններին, ՀՀ տարածքի տարբեր հատվածներում ռուսական ներկայությանը, Ադրբեջանից և Թուրքիայից եկող սպառնալիքներին, առհասարակ, տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին:
Ըստ էության, չի կարող անտեսվել փաստը, որ Նախիջևանի առանձին համազորային բանակը ռազմական լուրջ աջակցություն է ստանում Թուրքիայից։ Ավելին՝ կարելի է ասել, որ Նախիջևանում Թուրքիան ոչ պաշտոնապես ներկայացված է: Իսկ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան թևում վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ իրավիճակը լարվում է, և չի բացառվում լարվածության մեծացումը, ընդ որում, ոչ զուտ փոխհրաձգության տեսքով:
Ադրբեջանական կողմը սկսել է նեղսրտել այս փաստից, թեպետ նշում են, որ ՀՀ-ն ռուսական սպառազինության համար վճարելու կարողություն չունի, ուստի ենթադրում են, որ մատակարարվելիք սպառազինությունը փոխանցվելու է ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի հաշվեկշռին: Մի բան փաստ է՝ ռուսական կողմը հետաքրքրված է ՀՀ ԶՈՒ արդիականացմամբ և հզորացմամբ:
Հայ-ռուսական նման պայմանավորվածություններին զուգահեռ՝ ադրբեջանական իշխանությունները, ինչպես հայտնում են իսրայելական լրատվամիջոցները, բանակցություններ են վարում Իսրայելի հետ 2 մլրդ դոլարի սպառազինություն գնելու շուրջ:
Նշվում է, որ սա պայմանավորված է 2 գործոնով. առաջին՝ Հայաստանի հետ սահմանին հաճախակիացել են փոխհրաձգությունները, որոնք կարող են վերաճել նոր պատերազմի, երկրորդ՝ վերջին պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակից հետո Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերություններն էլ ավելի են խորացել՝ անվտանգայինից մինչև գյուղատնտեսական ոլորտ:
Իսրայելցի իրավաբան, միջազգային իրավունքի և միջազգային քաղաքականության հարցերով մասնագետ Միխաիլ Ֆինկելն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ հնարավոր է՝ Իսրայելն Ադրբեջանին մատակարարի նոր կամ մոդեռնիզացված «Երկաթե գմբեթ» (Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի բաղադրիչներից մեկն է, որը նախատեսված է 4-70 կմ հեռավորությունից արձակած հրետանային արկերն ու մարտավարական չկառավարվող հրթիռները խոցելու համար) և այլ ունիկալ ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև՝ չափազանց փոքր չափի արդիականացված դրոններ:
Նշենք, որ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2016-2020 թվականներին Ադրբեջանն իր զենքի 69 տոկոսը գնել է Իսրայելից, 17 տոկոսը՝ Ռուսաստանից։
Վերադառնալով նոր պատերազմի հավանականությանը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ հայկական կողմը տարածքներ նվաճելու մտադրություն չունի, միևնույն է՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը չեն բացառում նոր պատերազմի հավանականությունը:
Ի վերջո, հայկական կողմը երբեք էլ տարածքներ նվաճելու մտադրություն չի ունեցել, որքան էլ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր նոր տարածքների և նոր պատերազմի մասին: Իսկ նոր պատերազմ այս պահին ձեռնտու չէ կողմերից և ոչ մեկին: