«Գյուղացիներն իրենց խոտն են հնձում, բայց ձեռքով, վախենում ենք տեխնիկա բարձրացնենք դաշտեր, վախվխելով քաղում ենք». Կութի գյուղապետ

Օգոստոսի 13-ին, ժամը 22:00-22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերում, որոնք մոտ են սահմանին, կրակոցների ձայները լսելի չեն եղել։

168.am-ի հետ զրույցում Կութ գյուղի ղեկավար Սիմա Չիտչյանն ասաց, որ տևական ժամանակ է՝ գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան։

«Սովորական ապրում ենք, էլի, մարդիկ գյուղում են, որևէ մեկը որևէ տեղ չի գնացել, գյուղի առօրյայով ապրում են, ո՞ւր գնան»,- ասաց Սիմա Չիտչյանը։

Ինչ վերաբերում է մոտ մեկ ամիս առաջ գյուղից 70-ից ավելի անասունների գողությանը, գյուղապետի խոսքով՝ որևէ նորություն չկա, կովերն անցել են ադրբեջանական կողմի հսկողության տակ տարածք ու անհետացել են։

«Անասուններին կորցրած մարդկանցից մեկն էլ իմ ընտանիքն է, հինգ ընտանիք է տուժվել։ Սկզբում Գեղարքունիքի մարզպետարանը յուրաքանչյուր ընտանիքի 100-150.000 դրամ փող է տվել, որպեսզի հորթերին կաթ առնենք՝ տանք։ Հիմա մեզ մոտ գյուղացիներն իրենց խոտն են հնձում, բայց ձեռքով, վախենում ենք տեխնիկա բարձրացնենք դաշտեր, վախվխելով քաղում ենք»,- եզրափակեց Կութի ղեկավարը։

168.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը նույնպես ասաց, որ գյուղում կրակոցների ձայները չեն լսվել։

«Ես չգիտեմ, որ ուղղությամբ են եղել այդ կրակոցները։ Ամեն դեպքում մեր ուղղությամբ կրակոց չի եղել։ Գյուղում մարդիկ շարունակում են իրենց գյուղատնտեսական աշխատանքները, այս պահին աշնանացան ցորեն ենք ցանում, բայց դե ամեն վայրկյան խնդիր է, ինչ իմանանք՝ դաշտում ինչ կարող է լինել, բայց ինչ անենք, մենք մեր աշխատանքն անում ենք։ Հիմա, որ դուք Երևանում եք, ձեր մեջ վախ չկա՞, կա՛, բա այստեղի բնակիչների մեջ վախ չի՞ լինի։ Բայց դե ապրում ենք»,- եզրափակեց Արտյոմ Երանոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս