ԱՄՆ-ն աֆղան փախստականների տեղավորելու հարցով մտադիր է գործարք կնքել Կատարի հետ. CNN
Միացյալ Նահանգների ղեկավարությունն աշխատում է Կատարի հետ համաձայնագիր կնքելու շուրջ, որի համաձայն այդ երկրում ժամանակավոր կհաստատվեն Աֆղանստանի այն քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները, որոնք կօգնեն ամերիկացի զինվորականներին: Այս մասին հայտնում է ամերիկյան CNN-ը:
Համաձայն CNN-ի աղբյուրների՝ խոսքը շուրջ 8 հազար փախստականի մասին է: Եթե գործարքը կայանա, ապա կարճ ժամանակում Կատարի մայրաքաղաք Դոհա կուղևորվի մինչև 2000 աֆղաններից բաղկացած խումբը:
ԱՄՆ-ում Կատարի դեսպանությունը հրաժարվել է մեկնաբանել CNN-ի այս տեղեկատվությունը: Իսկ ԱՄՆ պետդեպարտամենտից հայտնել են, որ առայժմ չեն կարող հայտնել, թե որոնք են այն երրորդ երկրները, որտեղ կտեղակայվեն փախստականներն Աֆղանստանից:
Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում: