Բաժիններ՝

Բայդենը քննարկել է Աֆղանստանից ամերիկացիներին անվտանգ դուրս բերելու հարցը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Աֆղանստանում իրադրության վերաբերյալ խորհրդակցություն է իրականացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ: Այս մասին «Թվիթեր»-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Նախագահ Բայդենը պետքարտուղար Բլինկենի, նախարար Օսթինի և ազգային անվտանգության հարցերով օգնական Սալիվանի հետ խոսել է շարունակվող ջանքերի մասին՝ ուղղված Աֆղանստանում քաղաքացիական ներկայությունն անվտանգ կերպով նվազեցնելուն»,- հայտնել են Սպիտակ տանից:

ԱՄՆ իշխանությունները հայտնել էին, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում նվազեցնում են աշխատակիցների թիվը: Նրանց տարհանման ժամանակ անվտանգությունն ապահովելու են ամերիկյան զորքերը: Այդ նպատակով Քաբուլ ժամանակավոր տեղափոխվելու են շուրջ 3 հազար ամերիկացի զինծառայողներ: Պենտագոնից ակնկալում են, որ շուրջ հազար զինծառայողներ կշարունակեն Քաբուլում հսկել դիվանագիտական ներկայացուցչության՝ այդտեղ մնացող աշխատակիցների անվտանգությունը:

Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս