Հայկական զորքերը դուրս են բերվելու Արցախից, Փաշինյանն Ադրբեջանի այդ պահանջը ևս կկատարի. Մետաքսե Հակոբյան․ «Փաստինֆո»

Կարծում եմ հայկական զորքերը դուրս են բերվելու Արցախից: Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի այդ պահանջը ևս կատարելու է, նա որևէ լծակ չունի Ադրբեջանի իշխանություններին հակառակվելու, այդ պատճառով էլ մենք Արցախում փորձում ենք այնպես ինքնակազմակերպվել, որ նման խնդրի դեպքում մեր պաշտպանությունը կարողանանք կազմակերպել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը.

«Միանշանակ է, որ ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կատարելու է այդ պահանջը: Հայաստանից նորակոչիկներն այլևս Արցախ չեն գալիս ծառայության, կարծում եմ, ժամանակի ընթացքում կամաց-կամաց այս իշխանություններն այդ հարցն էլ են լուծելու»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ անկախ Ադրբեջանի պահանջներից, հոխորտանքներից ՝ Արցախում կարողանալու են ինքնակազմակերպվել և ստեղծել սեփական պաշտպանության միջոցները.

«Մենք այնպիսի տարածաշրջանում ենք, որ պետք է կարողանանք կազմակերպել մեր ինքնապաշտպանությունը, պետք է պատրաստ լինենք ցանկացած անակնկալ դրսևորումների, հատկապես՝ այս իշխանությունների առկայության դեպքում»,-ասաց Հակոբյանը:

Զրուցակցի խոսքով՝ գործող իշխանությունները կարողացան այնպես անել, որ երկու հայկական պետությունները՝ Արցախը և Հայաստանը իրավական բոլոր առումներով զատվեն միմյանցից.

«Անկախ այն հանգամանքից, որ աշխարհով սփռված հայերով մեկ ենք և ունենք մեկ Մայր հայրենիք, բայց իրավական առումով այս իշխանությունները կարողանալու են այնպես անել, որ հայկական երկու պետությունները զատվեն և հետագայում ՀՀ-ն որևէ կապ չունենա Արցախի հետ»,-ասաց Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նոր փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել՝ խաղաղության պայմանագիր, որով ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչն էլ կնշանակի, որ Հայաստանն իր համար ընդհանրապես փակում է Արցախի հարցը.

«Ադրբեջանի նախագահը հստակ ասում է, որ ամիսներ առաջ ինքն ու Նիկոլ Փաշինյանը սցենար են գրել, որով էլ շարժվում են: Այդ սցենարի մեջ ներառում է խաղաղության պայմանագիր, ինչն էլ ենթադրում է փոխադարձ ճանաչել երկու պետությունների տարածքային ամբողջականությունը,սրա արդյունքում կստացվի , որ Հայաստանն իր համար կփակի Արցախի հարցը: Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, նաև մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները:

Հաջորդ քայլով՝ կատարում են նոյեմբերի 9-ի այն կետերը, որոնք ի նպաստ են Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի՝ կոմունիկացիաների բացում, ճանապարհների ապաշրջափակում, որը չեմ կարծում, որ վերաբերվելու է Հայաստան-Արցախ ճանապարհին: Այսքան թատրոն խաղացին, Արցախը հանձնեցին, այսքան զոհեր տվեցինք, հիմա էլ նույն սցենարով պատերազմական իրավիճակ են ստեղծում, որպեսզի հետո համոզեն, թե կատարելով Ադրբեջանի պահանջները , խաղաղության պայմանագիր ստորագրելով, փրկեցին 2 մլն ժողովրդի»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

Ըստ պատգամավորի՝ պայմանագրի ստորագրման դեպքում՝ ՀՀ-ն որևէ կապ չի ունենալու Արցախի հետ, հետևաբար իրավունք չի ունենալու Արցախում զորք տեղակայել.

«Այս իշխանությունների ձեռքով ստացվում է այնպես, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախից ընդհանրապես»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս