Դանակահարողը, որ տուժողի կնոջ որդին էր՝ նախկին ամուսնուց, մարմնական վնասվածք պատճառելուց հետո դիմել էր փախուստի…
Օգոստոսի 11-ի երեկոյան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով 49-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։
Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Կրիմինալ դեպքերի մատյանում նշված էր, որ տուժողը Կարմիր Բլուրի փողոցից էր տեղափոխվել բժշկական կենտրոն։
Բժշկի հետ զրուցելուց և անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները մեկնեցին նշված փողոց, ճշտեցին` դեպքը որտեղ և ինչ հանգամանքներում է եղել: Պարզվեց, որ տղամարդուն Կարմիր Բլուրի փողոցի իր տանը դանակահարել էր Ներքին Չարբախի 31-ամյա մի բնակիչ:
Դանակահարողը, որ տուժողի կնոջ որդին էր՝ նախկին ամուսնուց, մարմնական վնասվածք պատճառելուց հետո դիմել էր փախուստի։
Հաղարդումից մեկ ժամ անց Ներքին Չարբախի 5-րդ փողոցում կասկածյալը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
31-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: