Վահան Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, առկա են ինսուլտային նշաններ. «Փաստինֆո»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեկնարկել է «Նորքի զինված» խմբի գործով հերթական դատական նիստը։
Նշենք, որ քրեական գործով ամբաստանյալներն են՝ Արթուր Վարդանյանը, Անտոն Թոթոնջյանը, Վահան Շիրխանյանը. Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Ասյա Մկրտչյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօրվա դատական նիստին ներկայացել են բոլոր ամբաստանյալները՝ բացառությամբ ամբաստանյալ Վահան Շիրխանյանի։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ դատարանը ստացել է Վահան Շիրխանյանի տիկնոջ դիմումն առ այն, որ Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ինսուլտային նշաններ կան, որոշակի հանգամանքներ են նկարագրված, որոնք բացառում են Շիրխանյանի ներկայությունը՝ դատական նիստին։
Նախագահող դատավորի հարցին ի պատասխան՝ պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ Շիրխանյանը դատարան գալ չի կարող, իսկ ավելի մանրամասն տեղեկություններ հայտնելու համար փաստաբանը միջնորդեց՝ դատական նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով։
Այժմ դատական նիստը շարունակվում է դռնփակ։
Նշենք, որ դատական նիստին չի ներկայացել նաև մեղադրող դատախազը՝ առողջական խնդիրների պատճառով, հետևաբար, Շիրխանյանի առողջական վիճարկի վերաբերյալ տվյալները՝ դռնփակ նիստի ընթացքում ստանալուց հետո դատական նիստը կհետաձգվի։