
Լեզվի կոմիտեն հավանության է արժանացրել ոստիկանության մեքենաների արտաքին ձևավորման փոփոխված տարբերակը

Հայաստանում Պարեկային ծառայության մեքենաների վրա արտաքին նոր ձևավորման տարբերակում հայերեն գրառումները կգլխավորեն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ներկայիս արտաքին ձևավորման հետ կապված իրենց մտահոգությունները տեղ են հասել: Հասցեատեր կառույցները շատ արագ արձագանքել են ու վերանայելու պատրաստակամություն հայտնել:
«Դժբախտաբար, առաջին փորձն անհաջող էր, ավտոմեքենաների վրա հայերենը գերակա չէր, գերիշխողն օտար լեզվական նյութն էր: Ուրախությամբ պետք է ասեմ, որ մեր դիտարկումները բարձրաձայնելուց հետո մեզ հետ կապվեցին համապատասխան պաշտոնյաները: Լեզվի կոմիտե ուղարկել են նոր առաջարկներ, լուսանկարներ, թե ինչպիսին պետք է լինեն այդ գրությունները: Ես գոհունակությունս արտահայտեցի, որ այդ նախագծով մեքենաների վրա բոլոր կողմերից հայերենը գերիշխող է»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը՝ ավելացնելով, որ նոր տարբերակն արժանացել է իրենց հավանությանը: