Մի-8-ի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին երկուական միլիոն ռուբլի կվճարեն
Ապահովագրական ընկերությունը Կամչատկայում աղետի ենթարկված Մի-8 ուղղաթիռի զոհված ուղեւորների եւ օդաչուների ընտանիքներին, ինչպես նաեւ տուժած ուղեւորներին երկուական միլիոն ռուբլի կվճարի: Այդ մասին հաղորդում է տարածաշրջանի կառավարությունը: Օգոստոսի 12-ին Մի-8 ուղղաթիռը, որի մեջ զբոսաշրջիկներ էին, ընկել է Կամչատկայի հարավում գտնվող Կուրիլյան լիճը:
Ուղղաթիռում գտնվում էին անձնակազմի երեք անդամները եւ 13 ուղեւորներ, այդ թվում՝ մեկ երեխա: Ութ մարդ ողջ է մնացել, նրանցից չորսը վնասվածքներ է ստացել: Փրկարարները պարզել են, որ Կուրիլյան լճում կործանված Մի-8 ուղղաթիռն ընկած է ավելի քան 145 մետր խորության վրա:
«Աղետի ենթարկված ուղղաթիռի անձնակազմի անդամները եւ ուղեւորները եղել են ապահովագրված: Ապահովագրական ընկերությունը զոհված ուղեւորների յուրաքանչյուր ընտանիքին 2 միլիոն 25 հազար ռուբլի կվճարի: Ուղղաթիռի կործանման հետեւանքով տուժածներին կվճարի երկուական միլիոն ռուբլի: Տուժածներին վճարման չափը կորոշվի՝ կախված ստացած վնասվածքներից»,-ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, ֆինանսական փոխհատուցում նաեւ կվճարվի «Վիտյազ-Աերո» ավիացիոն ձեռնարկության կողմից: «Բոլոր ավիաթռիչքները, որոնք իրականացնում է «Վիտյազ-Աերո» ընկերությունը, պարտադիր կարգով ենթակա էապահովագրման:
Բացի այդ, ներկայում «Վիտյազ-Աերո» ղեկավարության կողմից քննվում է մեր ընկերության կողմից տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին փոխհատուցման վճարումների չափերի հարցը»,-պատմել է «Վիտյազ-Աերո»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Չեռնիխը, որի խոսքը մեջբերում են իշխանությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: