Արման Թաթոյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենն այցելել են Կապանի Սյունիք գյուղ

Անվտանգությունից մինչև կանանց աշխատանքով ապահովելու հարցեր. Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենն այցելել են Կապանի Սյունիք գյուղ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (UNFPA Armenia) ղեկավար Ծովինար Հարությունյանը (Tsovinar Harutyunyan) Կապան համայնքի ղեկավար Գևրոգ Փարսյանի ուղեկցությամբ այցելել են Կապան համայնքի (Կապանի համայնքապետարան/Kapan municipality) Սյունիք գյուղ:

Պատերազմից հետո անվտանգության ու սոցիալական խնդիրների առաջ կանգնած գյուղ այցի նպատակն էր լսել բնակիչներին, քննարկել երիտասարդների և կանանց աշխատանքի, նրանց տնտեսական կարողությունների զարգացման, սոցիալական ձեռնարկատիրության խրախուսման, տարեցների ներգրավման, առողջ ապրելակերպի և այլ հարցեր:

Բնակիչները բարձրացրել են տարաբնույթ հարցեր՝ սկսած անվտանգությունից մինչև բնապահպանական խնդիրներ: Մասնավորապես, բնակիչները նշել են, որ պատերազմից հետո, սահմանային գործընթացներով պայմանավորված, զրկվել են հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից, իսկ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը գյուղի, քաղաքացիական տների անմիջական հարևանությամբ իրենց կանգնեցրել է անվտանգության լրջագույն խնդիրների առաջ:

Ծովինար Հարությունյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի և Կապան համայնքներում արդեն իսկ հաջողությամբ գործող կանանց ռեսուսային կենտրոնների աշխատանքը, որոնց օրինակը տարածվել է Հայաստանի այլ մարզերում: Ռեսուրսային կենտրոնների օգնությամբ կանայք մասնագիտություն են ստանում, աշխատանքի են տեղավորվում, ներգրավում տարբեր ծրագրերում:

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հանդիպմանը ներկայացրել է համայնքապետարանի կողմից իրականացվող քայլերը՝ կապված գյուղի ենթակառուցվածքների բարելավման հետ, իր իրավասության սահմաններում մարդկանց սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրերը:

Պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը բնակիչների հետ քննարկել են նրանց կարիքները և դրանք բարելավելու ուղղությամբ առկա հնարավորությունները, հատուկ շեշտադրվել է կանանց աշխատանքային զբաղվածությանն առնչվող հարցերը: Ընդգծվել է համայնքի ղեկավարի և անձնակազմի հետ համագործակցության կարևորությունը:

Այցի արդյունքները կամփոփվեն և, ըստ խնդրի բնույթի, աշխատանքներ կիրականացվեն բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս