Իշխանությունները փորձել են քրեական հետապնդում սկսել Գևորգ Փարսյանի նկատմամբ՝ չի հաջողվել, այժմ փորձում են այլ ձևով նրան հեռացնել. Աննա Գրիգորյան
Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի կալանավորելուց հետո, իշխանությունն այժմ աշխատում է Կապանի համայնքապետին պաշտոնից հեռացնելու ուղությամբ՝ ցանկանալով հասնել նրա հրաժարականին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իշխանության այս գործողություններին, նշեց, որ առհասարակ դավադրապաշտական տեսությունների կողմնակից չէ, սակայն այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում Սյունիքի տարբեր համայնքապետերի նկատմամբ, գուցե այնպիսի գործընթացներ են նախատեսում Սյունիքում, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ուժեղ համայնքապետերը մեկուսացվեն:
«Փաստացի այսօր Սյունիքի խոշոր համայնքների ղեկավարներն այս կամ այն կերպ հետապնդման են ենթարկվում, և Գևորգ Փարսյանը, ով Կապանի համայնքապետն է և ընտրվել է 2018 թվականին և կարող է առնվազն մեկ տարի պաշտոնավարել, այսօր այնպիսի իրավիճակ են ստեղծել, մասնավորապես՝ ավագանու անդամներին համոզում են, խնդրում են, և վերջիններս հրաժարական են ներկայացնում, այսինքն՝ ստացվում է այնպիսի իրավիճակ, որ պետք է գնա նոր ընտրություններ: Ինձ համար սա անհասկանալի իրավիճակ է, և որքան ինձ է հայտնի՝ իշխանությունները փորձել են նաև քրեական հետապնդում սկսել Գևորգ Փարսյանի նկատմամբ, բայց քանի որ չի հաջողվել, փորձում են այս ձևով նրան հեռացնել»,- ասաց Աննա Գրիգորյանը:
Ըստ պատգամավորի, առաջին անգամ չէ տեղեկացնում հանրությանը, որ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ կոնկրետ քաղաքական պատվեր է իջեցվել, ուստի պետք է համեմատության մեջ դնել ու հասկանալ, որևէ այլ մարզում համայնքապետերի նկատմամբ նման հետապնդում կա՞, իհարկե չկա:
«Սյունիքի համայնքապետերի նկատմամբ իշխանությունն առանձնահատուկ վերաբերմունք ունի, ինչը, կարծում եմ՝ պայմանավորված է նրանով, որ սյունեցի համայնքապետերն իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել, որ այս իշխանությունները պետք է հեռանան, քանի որ չեն կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը»,- հավելեց Աննա Գրիգորյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում