Բաժիններ՝

Մենթոր դպրոցները կաջակցեն ուսուցիչների կարիք ունեցող հաստատություներին

2021 թվականի սեպտեմբերից «E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչներն էլեկտրոնային եղանակով կդասավանդեն այն հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ առանձին առարկաների գծով մասնագետների պակաս կա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցում ստեղծվել են էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ։

Ծրագրի շրջանակում կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով մենթոր դպրոցները կիրականացնեն անհրաժեշտ առարկաների էլեկտրոնային դասավանդումն այն երեխաների համար, որոնք զրկած են տվյալ առարկան սովորելու հնարավորությունից։

Նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերից հեռավար դասեր են իրականացվել 5000 և ավելի աշակերտների շրջանում։ Հավաքագրվել է ոլորտում բազմամյա փորձառություն ունեցող 29 ուսուցիչ, որոնք տեսադասերի, վեբինարների, գրավոր և այլ նյութերի միջոցով մատուցել են առարկայական ծրագրերը։ Հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար, «E-school» ծրագրի տնօրեն Հայկ Դավեյանի խոսքով՝ ուսուցիչների ընտրությունը կատարելուց հետո շատ կարևոր էր նրանց համար մշակել աջակցության համակարգ՝ առարկայական ուսումնական ծրագրերն արդյունավետ մշակելու նպատակով։ Ներդրվել է աջակցման այնպիսի մեխանիզմ, որ մենթորներից և ավագ ուսուցիչներից յուրաքանչյուրն ունենա իր առարկայական խումբը։

E-school Armenia ծրագիրը կյանքի է կոչվել կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ 2020 թվականից սկսած աշխարհը նոր մարտահրավերների առաջ էր կանգնել, և որպես առաջնահերթություն պետք էր ապահովել նաև կրթության շարունակականությունը։ E-school-ն արձագանք էր համավարակին, սակայն, այսօր այն դարձել է որակյալ էլեկտրոնային բովանդակության ստեղծման, էլեկտրոնային դասավանդման և փորձի կուտակման հարթակ։

Մասնավորապես, նախագծի ընթացքում հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարանների աշակերտների համար մշակվել և նկարահանվել է շուրջ 2000 տեսադաս, այդ թվում՝ ժեստերի լեզվով, որոնք մշտապես հասանելի են E-school Armenia-ի Youtube-յան ալիքում։ Հանրակրթական առարկայական ծրագրերին համապատասխան՝ ուսուցիչները մենթորների օգնությամբ մշակել են առարկայական ծրագրերը և թեմատիկ պլանները և դրանց համապատասխան նկարահանվել են տեսադասեր, պատրաստվել նյութեր և իրականացվել վեբինարներ։

Գործում է նաև սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային շտեմարանը՝ kadrer.emis.am, որտեղ այս պահին ներկայացված է 196 թափուր հաստիք։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս