Մադագասկարի նախագահը պաշտոնանկ է արել կառավարության բոլոր անդամներին
Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան պաշտոնանկ է արել կառավարության բոլոր անդամներին: Օգոստոսի 12-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի դիվանատան հայտարարությունը։
Պետության ղեկավարի կողմից այդ քայլի պատճառները դիվանատան հայտարարության մեջ չեն նշվում: Մինչդեռ անցած կիրակի օրն ազգային հեռուստատեսությամբ իր ելույթում Անդրի Ռաձուելինան քննադատել է կառավարության եւ մի շարք նախարարների գործողությունները՝ դրանք որակելով անբավարար:
«Ինչպես եւ ֆուտբոլային թիմում, մարդիկ պետք է փոխվեն, երբ կառավարության աշխատանքում կան ձախողումներ,- նշել էնախագահը:- Կլինեն փոփոխւթյուններ, եւ դա կվերաբերի բոլորին, ովքեր չեն կատարում իրենց հանձնարարված աշխատանքը»: Նախարարներին պաշտոններից ազատելու մասին ներկայիս որոշումն ընդունվել է պետության ղեկավարի դեմ մահափորձի գործի՝՝ Մադագասկարում շարունակվող հետաքննության ֆոնին: Հուլիսի 20-ից իշխանությունները ձերբակալել են 21 մարդու, ներառյալ 12 զինծառայողների՝ Անդրի Ռանձուելինայի սպանության եւ կառավարության տապալման նպատակով դավադրության կասկածանքով:
Ռոյթեր գործակալության տվյալներով՝ ձերբակալվածների թվում են բանակի եւ ժանդարմերիայի հինգ գեներալներ, ինչպես նաեւ չորս օտարերկրացիներ, ներառյալ Ֆրանսիայի քաղաքացիներ, հաղորդել էՏԱՍՍ-ը: