Ամերիկյան Cygnus բեռնատար տիեզերանավը դուրս է եկել Երկրի ուղեծիր
Ամերիկյան Northrop Grumman ընկերության Antares կրող հրթիռը հաջողությամբ Երկրի ուղեծիր է դուրս բերել Cygnus բեռնատար տիեզերանավը, որն ուղեւորվում է Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)՝ օգտակար բեռ եւ պարենամթերք հասցնելու համար. արձակման հեռարձակումն իրականացնում է ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA)։
Cygnus-ն անջատվել է հրթիռի երկրորդ աստիճանից եւ կայուն ուղեծիր դուրս եկել Երեւանի ժամանակով 02:10-ին՝ Երկրի մակերեւույթի նկատմամբ 179 կիլոմետր բարձրության վրա: Կրող հրթիռի արձակումը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 01:56-ին՝ ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի Ուոլոփսում գտնվող NASA-ի տիեզերակայանից:
Cygnus-ը, որը հանդերձված էր պարենով ու սարքավորումով, ՄՏԿ է ուղեւորվել երկսանդղավոր Antares 230+ կրող հրթիռի օգնությամբ՝ ՄՏԿ բեռներ հասցնելու NASA-ի Commercial Resupply Services-2 (CRS-2) ծրագրի համաձայն: Սպասվում է, որ Cygnus-ը ՄՏԿ-ի հետ կցումը կկատարի օգոստոսի 12-ին եւ մինչեւ երկիր վերադառնալը նրա վրա կգտնվի երեք ամիս: Northrop Grumman-ը ՄՏԿ օգտակար բեռներ հասցնելու եւ այնտեղից աղբը դուրս բերելու գործողություններն անցկացնում է Cygnus-ի օգնությամբ՝ 2014 թվականից: Այս արձակումը 16-րդ է դարձել բեռնատար տիեզերանավի համար: Cygnus-ի առաջին հաջող արձակումը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 18-ին, հաղորդել էէ«Ինտերֆաքս»-ը: