«Միացել եմ գործող իշխանության հրաժարականը պահանջող մտավորականների հայտարարություններին և այժմ էլ վերահաստատում եմ իմ դիրքորոշումը». Լևոն Գալստյան
«Հայաստանը Ժողովրդավարության բաստիոն» հռչակած Փաշինյանը լուսնի արագությամբ ազատվում է անցանկալի պաշտոնայներից, որոնց, թվում է թե պետք է փայեն ու փայփայեն հենց եվրոպաների աչքին «բաստիոնի թոզը» փչելու համար:
Բայց, նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթուղթը ստորագրած Փաշինյանին, այլևս «մի բաժակ ջուր խմել է» ցանկացած փաստաթուղթ ստորագրելը: Այսօր, նրա որոշումներով դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ Լևոն Գալստյանի և Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները: «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ խորհրդի անդամները նշանակվում են վեց տարի ժամկետով. Լևոն Գալստյանը խորհրդի անդամ է 2016 թվականից, ի՞նչն է ստիպել Փաշինյանին ազատվել Լևոն Գալստյանից:
Հարցի պատասխանը շատ չուշացավ, երբ ինքը՝ Լևոն Գալստյանը գրառում կատարեց ֆեյսբուքյան էջում. «Հանրային հեռարձակողի (նախկին Հանրային հեռուստառադիոընկերության) խորհրդի անդամի պաշտոնից հեռանում եմ ինքնակամ, բայց ոչ առանց պատճառի։ Պատերազմից հետո հրապարակավ միացել եմ գործող իշխանության հրաժարականը պահանջող մտավորականների հայտարարություններին և այժմ էլ վերահաստատում եմ իմ դիրքորոշումը։ Առհասարակ մարդու կատարած ամեն շրջադարձային քայլ իր գինն ունի, և ես հեռանալով վճարում եմ իմ բաժին գինը։ Խորհրդի նախկին գործընկերներիս արդյունավետ աշխատանք եմ մաղթում»։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն Լևոն Գալստյանն ու Մերուժան Տեր-Գուլանյանը հրաժարականի դիմումները ներկայացնել են սեպտեմբերի 1-ով, բայց ինչպես տեսնում եք Փաշինյանը «չի հապաղել և հենց այսօր է ստորագրել ազատման որոշումները, դրանով իսկ «ամրագրելով ջաղջախիչ հաղթանակ» հեռուստատեսության և ռադիոյի իսկական պրոֆեսիոնալների նկատմամբ: