«Երկրի անվտանգությունն ապահովելը, սահմաններն անսասան պահելն ուղիղ ձեր պարտականությունն է և պատասխանատվությունը». Արթուր Վանեցյանը՝ իշխանություններին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ իշխանական խմբակցության պատգամավորների պահվածքին։

«Մեկ շաբաթվա ընթացքում իշխանական պատգամավորներն իրենց ելույթներում անդրադառնում են մի թեզի և ուզում են հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե  եկել են այստեղ աշխատելու, ուզում են լավ գործեր անել և արագ ավարտեն ԱԺ ձևավորման գործընթացը և անցնեն աշխատանքի։ Հարգելի գործընկերներ, այո, դուք ստացել եք մեր քաղաքացիների քվեն, որի արդյունքում ձևավորել եք կառավարություն և երկրում բարեփոխումներ անելու և երկիրը բնականոն պահելը, երկրի անվտանգությունն ապահովելը, սահմաններն անսասան պահելը դա ուղիղ ձեր պարտականությունն է և պատասխանատվությունը։ Ընդդիմության պատասխանատվությունը և պարտականությունը օպոնենտ լինելն է իշխանություններին, քննադատել նրանց, երբեմն այս քննադատությունը շատ սուր է լինելու։ Մեզ պատվիրակել են ԱԺ մեր այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն եղել ձեր կառավարմանն ու ձեր վարվող քաղաքական կուրսի հետ»,- նշեց Արթուր Վանեցյանը։

Ըստ նրա, խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել նրանում, որ քննադատում է իշխանությանը՝ ճիշտ չէ։

Նա նկատեց՝ իշխանության ներկայացուցիչները մշտապես ռեպլիկներ են հնչեցնում ու ելույթներ ունենում, ինչն իրեն հին անեկդոտ է հիշեցնում, և պատմեց․

«Մեկի թեկնածությունը ներկայացնելուց, մեկը դահլիճից ասում է՝ այս մարդու աղջիկն անբարոյական է, հետո սկսում է արդարանալ, ասել՝ նման բան չկա, որովհետև աղջիկ չունի, ասում են՝ դե գնա ապացուցի։ Հիմա անպատասխանատու, հիմնազուրկ հայտարարություններ եք անում, որից հետո փորձում ենք ապացուցել, որ նման բան չկա»։

Նա նաև ընդգծեց, որ տպավորություն ունի, որ իշխանության ներկայացուցիչները փորձում են իրենց ելույթներով, իրենց տեղից երբեմն ոչ նորմալ ռեպլիկներով, ստեղծել մի իրավիճակ, որ ընդդիմությունը սկսի չխոսել ավերիչ պատերազմի հետևանքների մասին, չխոսի, թե, ի վերջո, ինչու եղավ պատերազմը և կորցրեցին Արցախի 75 տոկոսը։

«Այս հարցերի պատասխանները պետք է տրվեն, այս հարցերը մենք մշտապես բարձրացնելու ենք՝ հաճելի լինի դա ձեզ, թե ոչ»,- եզրափակեց Արթուր Վանեցյանը։

Տեսանյութեր

Լրահոս