Որո՞նք են ԱԺ նախագահի լիազորությունները՝ ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի
Ազգային ժողովում վերջին օրերին հատկապես ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների կողմից հաճախ են դիտողություններ հնչում, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված իր լիազորություններից և հաճախ է դրանք վերազանցում:
Ստորև ներկայացնում ենք ԱԺ կանոնակարգով սահմանված ԱԺ նախագահի լիազորությունները, որոնք ձևակերպված են օրենքի 3-րդ գլխի 5-րդ հոդվածով՝
Ազգային ժողովի նախագահը
1. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:
2. Ազգային ժողովի նախագահը՝
1) նախագահում է Ազգային ժողովի նիստերը.
2) գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստեր և նստաշրջաններ.
3) շրջանառության մեջ է դնում Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված հարցերը և նշանակում է գլխադասային հանձնաժողով.
4) Հանրապետության նախագահին է ուղարկում Ազգային ժողովի ընդունած օրենքները, ինչպես նաև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումները.
(փոփ. 22.06.2020 ՀՕ-309-Ն)
4.1) Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի ընդունած օրենքը:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)
4.2) Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հրապարակում է Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները.
(լր. 22.06.2020 ՀՕ-309-Ն)
5) ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձները.
6) հրավիրում և նախագահում է Խորհրդի նիստերը.
7) Ազգային ժողովի և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում հերթական նստաշրջանի և նիստերի օրակարգերի նախագծերը.
8) ստորագրում և հրապարակում է Խորհրդի որոշումները.
9) հաստատում է Ազգային ժողովի հանձնաժողովների կազմերը և դրանցում փոփոխությունները.
10) կարող է Ազգային ժողովի նախագահի տեղակալին տալ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված հանձնարարություններ.
11) ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական խորհրդակցություններ.
12) տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները.
13) նշանակում և ազատում է զբաղեցրած պաշտոններից՝ Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավարին, աշխատակազմի ղեկավարի տեղակալներին.
(խմբ. 21.01.2020 ՀՕ-46-Ն)
13.1) հաստատում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, ինչպես նաև նշանակում և ազատում է զբաղեցրած պաշտոններից Աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին.
(լր. 21.01.2020 ՀՕ-46-Ն, ուժի մեջ կմտնի 30.11.2020 թվականին)
14) հաստատում է Աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.
(խմբ. 21.01.2020 ՀՕ-46-Ն)
15) իրավասու մշտական հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի (այսուհետ՝ Բյուջետային գրասենյակ) փորձագետներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև նրանց պաշտոնների նկարագրերը.
16) (ուժը կորցրել է 21.01.2020 ՀՕ-46-Ն, ուժի մեջ կմտնի 30.11.2020 թվականին)
17) կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ` սահմանելով դրանց անցկացման կարգը.
18) կարող է ձևավորել հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմիններ.
19) նշանակում է Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչ.
20) կարող է ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա հասարակական կազմակերպություններին.
21) հաստատում է Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.
22) պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաև խրախուսում է դրամական պարգևատրմամբ.
23) նշանակում է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովների և մրցանակաբաշխության կոմիտեի անդամի թեկնածու առաջադրելու իրավասություն ունեցող Ազգային ժողովի մշտական
հանձնաժողով:
(լր. 11.05.2020 ՀՕ-264-Ն)
3. Իր լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ և կարգադրություններ, որոնք երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (www.parliament.am), բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակողների:
(լր. 13.09.2019 ՀՕ-175-Ն)