«Քաղաքական մեծամասնությունը պետք է համակերպվի՝ չենք եկել այս խորհրդարան՝ ջան ասենք ու ջան լսենք». Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարտավոր է իրեն պահել իր տեղում ու դերում, և առհասարակ, պետք է կողմնորոշվի՝ ինքը ՔՊ վարչության անդա՞մ է, թե՞ ԱԺ նախագահ:

«Առհասարակ պատգամավորների հետ որևէ մեկն իրավունք չունի նման կերպ խոսել: Մենք տալիս ենք քաղաքական գնահատական, ես շատ ու մատչելի բացատրեցի: Այսօրվա քաղաքական մեծամասնությունը պետք է համակերպվի, պետք է նստի և լսի այն բոլոր  քաղաքական գնահատականները, որոնք հնչում են ընդդիմության կողմից: Մենք չենք եկել այս խորհրդարան՝ ջան ասենք ու ջան լսենք: Ես հենց առաջին օրն ասել եմ, որ այս խորհրդարանի ամբիոնը մեզ համար դիմակներ պատռելու, մեր հասարակությանը, ժողովրդին իրականությունը ասելու համար է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը:

Ըստ Իշխան Սաղաթելյանի, եթե իշխանությանը թվում է, որ կարող են հայրենիքի մեծ մասը հանձնել, երկրի տարածքային ամբողջականությունը և առհասարակ երկրի գոյությունը դնեն հարցականի տակ, հետո գան ԱԺ ամբիոնից հպարտ ելույթ ունենան և որևէ  պատասխան չստանան՝ սխալվում են:

Հարցին՝ նիստերի դահլիճում «Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների միջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում ինչ էր ասում իշխանական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ Նարեկ Գրիգորյանն իրեն առհասարակ չի հետաքրքրում, քանի որ նրան ճանաչում է:

«Որևէ մեկն իրենց իրավունք չի տվել այդ ոճով ու տոնով խոսել: Կամ ինչ է նշանակում՝ սահմանադրական հեգնանք, իրենք են, որ առհասարակ հայտնվել են Արցախում, և այդ հեգնանքի պատճառով էր, որ 2018  թվականին տեղի ունեցավ այն դժբախտ իրադարձությունը, որն այսօր մեր երկիրը բերեց հասցրեց այս օրին: Մենք գիտենք, որ մեր հասարակությունն է նաև հոգնել ու զզվել այս իրավիճակից, գոյություն ունեն հարցեր, որոնք պահանջում են լուծումներ: Քննարկում էինք ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հարցը, տեսաք Արմեն Ռուստամյանի հարցերը ու տեսանք նաև պատասխանողների կեցվածքը: Մենք ասում ենք՝ երկիրն ունի մարտահրավեր, թուրքը մտել է երկրի ինքնիշխան սահման, իրենք ասում են՝ բանակցում են՝ ո՞ւմ հետ են բանակցում, ինչի՞ շուրջ, իրենց պատասխանը Մարտի 1 կամ Հոկտեմբերի 27 է»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս