
«Այդ մարդը ստորագրել է կապիտուլյացիա, հետևաբար՝ դառնում է կապիտուլյանտ». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ զրկվեց ձայնի իրավունքից և մինչև օրվա վերջ չպետք է մուտք գործի նիստերի դահլիճ, քանի որ պատգամավորն իր ելույթում Նիկոլ Փաշինյանին տվեց կապիտուլյանտ բնորոշումը:
Աննա Մկրտչյանին ձայնի իրավունքից զրկելուց հետո, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները բոյկոտեցին նիստը և լքեցին դահլիճը:
Լրագրողների հետ զրույցում Աննա Մկրտչյանն ասաց, որ ԱԺ ղեկավարության աթոռներին նստած անձանց ինքնիրավչության մասին խոսել է իր ելույթի սկզբում:
«Այդ մարդիկ ինչ-որ նկատողություն տերմին էին հորինել, հետո հուշեցի, որ չկա, ժողովուրդ, նման բան, ԱԺ պատգամավորին չեն կարող նկատողություն անել: Իհարկե, կան կարգապահական միջոցներ, դրանցով կարող են առաջնորդվել՝ ուղղվեցին: Հիմա յուրաքանչյուր պատգամավորի ելույթից հետո իրենց ցանկությամբ մեկնաբանություն են անում, մեկնիչի դերակատարություն են ստանձնել»,- նշեց Աննա Մկրտչյանը:
Ինչ վերաբերում է «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությանը, Աննա Մկրտչյանը նկատեց. «Այդ մարդը ստորագրել է կապիտուլյացիա, հետևաբար՝ դառնում է կապիտուլյանտ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում