Իրանի դեսպանը՝ «Բուշեր»-ի ատոմակայանի պարտքի շուրջ բանակցությունների մասին
Թեհրանը հուսով է, որ Մոսկվայի հետ կլուծի «Բուշեր»-ի ատոմային էլեկտրակայանի պարտքի հարցը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին։
«Ինչ վերաբերում է միջուկային կայանի համար Իրանի պարտքին, ապա մենք բանակցություններ ենք վարում ռուսաստանցի մեր գործընկերների հետ եւ անպայմանորեն կգտնենք այդ հարցի լուծումը»,-ասել էդեսպանը՝ հանդես գալով միջոցառման ընթացքում, որը կազմակերպվել էր Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կողմից:
«Բուշեր»-ի ատոմակայանի էներգաբլոկների կառուցումը համարվում էռուս-իրանական խոշորագույն նախագիծը: Ատոմակայանի առաջին բլոկը, որի կառուցումն ավարտին է հասցվել ՌԴ-ի մասնակցությամբ, Իրանի ազգային էներգահամակարգին է միացվել 2011 թվականի սեպտեմբերին: Ռուսաստանն Իրանին մատակարարում է միջուկային վառելիք, որն անհրաժեշտ է առաջին բլոկի ռեակտորի աշխատանքի համար: Իրանում Ռուսաստանի դեսպանությունը 2020 թվականի ապրիլի 29-ին վերջին անգամ է հաղորդել վառելիքի նոր խմբաքանակ Իրան փոխադրելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: