«Ես խոսում եմ գանձից, դուք՝ տանձից, մենք հաղթանակ ենք բերել, դուք այդ հաղթանակը մսխել եք». Արմեն Ռուստամյանը՝ Էդուարդ Աղաջանյանին
ԱԺ-ում քննարկվում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Էդուարդ Աղաջանյանին։ Նրան հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական դեկլարացիային չգիտեմ, թե որքանով եք ծանոթ, բայց այնքան է բարձրացրել մեկ ժողովուրդ՝ երկու պետություն հայեցակարգը, որն ըստ էության դարձել է մեկ ժողովուրդ՝ մեկ պետություն։ Մենք սրան ինչպե՞ս ենք հակադրել մեր գործընկերությունն առնվազն Արցախի հետ, որպեսզի կարողանանք ապահովել երաշխավորի մեր դերակատարությունը, ապահովել Արցախի սուբյեկտայնությունը և ուղղորդել դրանից բխող միջազգային ճանաչումը։ Ինչպե՞ս եք ապահովելու, որ հերթական անգամ ԱԺ-ն և առաջին հերթին արտաքին հարաբերությունները չանտեսվի, և կկանգնենք արդեն փաստացի տեղի ունեցած գործողության առաջ»,- հարցրեց Արմեն Ռուստամյանը։
Ըստ Էդուարդ Աղաջանյանի՝ պատգամավորի թվարկած բոլոր խնդիրների լուծման համար կարևոր նախապայման է, որպեսզի դասեր քաղեն 30 տարվա պատմությունից, դասեր քաղեն դիվանագիտական, ռազմական, ներտնտեսական, քաղաքական, ներքաղաքական սխալներից։
«Այդ բոլոր հանգամանքների համադրության պարագայում, կարծում եմ՝ այդ հարցերը լուծելի են, որովհետև ըստ էության մենք վերջին 25-30 տարիների ընթացքում, գուցե կոշտ հնչի, զբաղվել ենք ժամավաճառությամբ։ Մենք իմանալով, որ հակառակորդը ինտենսիվորեն զինվում է և պատրաստվում է պատերազմի, ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ ենք արել։ Գուցե այս հարցի պատասխանը դուք ունեք, հաշվի առնելով այն ղեկավարին, որն ունի ձեր խմբակցությունը»,- շեշտեց Էդուարդ Աղաջանյանը։
Արձագանքելով՝ Արմեն Ռուստամյանը զարմացավ՝ նշելով, թե առհասարակ Է. Աղաջանյանն իր հարցը լսե՞լ է, թե՞ ոչ։
«Կներեք, բայց ես խոսում եմ գանձից, դուք՝ տանձից, ես խոսում եմ մեր առջև կանգնած մարտահրավերներից, իսկ դուք՝ այն ճանապարհից, թե ինչու հասանք այստեղ։ Նախ, մենք հաղթանակ ենք բերել, դուք այդ հաղթանակը մսխել եք, սրա մասի՞ն ենք խոսում։ Ես ասում եմ՝ մեր առջև մարտահրավեր կա, ինչպե՞ս ենք ապահովելու մեր հայության անվտանգ կյանքը, 4,5 տարի հետո ռուսը գնալու է, Արցախում ի՞նչ է լինելու։ Սա եմ հարցնում, իսկ դուք ինձ դասեր եք ասում, նախ ուսումնասիրեք, սովորեք, որ դասեր քաղեք։ Այս ԱԺ-ն, ձեզանից առաջ հիմք է դրել այնպիսի ուղեցույցի, որ խորհրդարանական դիվանագիտությունը, որտեղ էլ լինեն՝ նույն բանից խոսեն, գրքեր կան, ես կտամ՝ դուք կկարդաք, այդ ինչերի՞ց եք խոսում, ես ի՞նչ հարց ձեզ տվեցի, դուք ի՞նչ պատասխանեցիք»,- ասաց Ա. Ռուստամյանը։
Պատասխանելով՝ Էդուարդ Աղաջանյանը շեշտեց, որ եթե Արմեն Ռուստամյանը լսեր իր պատասխանը, ապա նման արձագանք չէր տա։
«Պարոն Ռուստամյան, եթե դուք կարծում եք, որ Ձեր այդ բոցաշունչ ելույթի ժամանակ ես ամեն վայրկյան չէի ցանկանում ընդհատել, սխալվում եք, բայց ես լսեցի։ Եթե կլսեիք իմ պատասխանի բովանդակությունը, ապա նման կերպ չէիք արձագանքի։ Եթե դուք ասում եք, թե ինչ պետք է անի Հայաստանը, ապա դրա համար մեզանից կպահանջվի մի քանի ժամ երևի»,- եզրափակեց նա։