Այսօր խոսել, որ այդ զորամասը մասնակցել է «Կոլցո» օպերացիային, դա բացահայտ սխալ տեղեկություն է, սո՛ւտ է. Սեյրան Օհանյանը պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին

ԱԺ օգոստոսի 9-ի նիստում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ, «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվել էր, թե պատերազմից հետո սահմանների պաշտպանության խնդիրներում ի՞նչ խորհրդարանական վերահսկողություն է իրականացրել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, և, թե որոնք են այն մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրել այդ ամբողջ գործընթացում:

Անդրանիկ Քոչարյանն իր պատասխանում չներկայացրեց արածը և միայն հակադարձեց. «Ամենակարևոր գործառույթը՝ թույլ չի տվել, որպեսզի Ձեր ցանկությունը՝ բանակը բերել Բաղրամյան պողոտա, իրականություն դառնա։ Դա ամենակարևոր գործառույթն է եղել: Եվ կանխվել է դա։ Շատերն էին դա ուզում, Դուք էլ էիք ուզում, չի ստացվել, չի ստացվելու. բանակը պետք է զբաղվի միայն մարտական խնդիրներով»։

Սեյրան Օհանյանը շարունակեց հետաքրքրվել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի իրականացրած աշխատանքներով՝ հիշեցնելով, որ հանձնաժողովն ունի խորհրդարանական լսումներ կազմակերպելու և սահմաններում ծառացած խնդիրների վերահսկողություն իրականացնելու գործառույթներ:

«Քանի՞ լսում եք իրականացրել, հարցապնդումներ, այցելություններ: Որովհետև դեռ չավարտված այս ամենի բացահայտումը՝ Դուք ձեր նույն ԱԱԾ պետին, Ոստիկանության պետին գեներալների կոչումներ եք տալիս՝ չհասկանալով, որ նրանք համապատասխան գործառույթ են ունեցել այնտեղ, կատարե՞լ են, թե՞ չեն կատարել»,- հարցրեց ՊՆ նախկին նախարարը:

Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան նշեց, որ իրար վաղուց են հիշում, երբ Սեյրան Օհանյանն Արցախում գնդերից մեկի վաշտի հրամանատար էր․ «Նաև հիշում եմ, որ այդ գունդը մասնակցել է «Կոլցո» օպերացիային»։

«Չի՛ մասնակցել: Բացահայտ սո՛ւտ է»,- բղավեց Սեյրան Օհանյանը։

«Գուցե սխալվում եմ»,- արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը:

Այսօր արդեն խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Սեյրան Օհանյանը Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին անդրադարձավ առավել մանրամասն՝ բացահայտելով, որ իշխանական պատգամավորի կողմից անփութորեն դաշտ նետված տեղեկությունները սխալ են.

«Երբ ես պնդեցի՝ ի վերջո, Դուք իմ հարցին չպատասխանեցիք, նա սկսեց անդրադառնալ իմ անցյալին՝ ընդ որում սխալ տվյալներ ներկայացնելով մեր հանրությանը։ Նախ՝ ինքը սխալվում է, որ ես 361-րդ գնդում եմ ծառայել. ես ծառայել եմ Ստեփանակերտում տեղակայված 366-րդ գնդում՝ գվարդիական – մոտոհրաձգային գնդում, ինքը սխալվում է, որ ես եղել եմ վաշտի հրամանատար. ես եղել եմ գումարտակի հրամանատար և ամենաբարձր պաշտոնյան՝ որպես հայ պաշտոնյա այդ զորամասում, և ինքը նաև սխալվում է, թե այդ զորամասը մասնակցել է «Կոլցո» օպերացիային։ Ընդհակառակը՝ այդ զորամասը մեծ աջակցություն է ցուցաբերել Ստեփանակերտի և Արցախի բնակչությանը դեռ առաջին ազատամարտի ժամանակ:

Մենք մինչև հիմա մեծ բարեկամություն ենք անում այդ զորամասի զինծառայողների հետ, որոնց մեծ մասը ՌԴ-ում է ապրում: Գումարած դրան՝ զորամասը դուրս գալուց հետո բավական մեծ քանակությամբ՝ 100-ից ավելի զրահատեխնիկա և ավտոտեխնիկա, հրետանային, ՀՕՊ միջոցներ է թողել, որոնք հետագայում Արցախի Պաշտպանության բանակի համալրման հիմք են հանդիսացել: Միայն իմ գումարտակից մոտավորապես 33 զրահատեխնիկա ենք թողել այնտեղ: Այսօր խոսել, որ այդ զորամասը մասնակցել է «Կոլցո» օպերացիային, դա բացահայտ սխալ տեղեկություն է, սուտ է, և կարելի է ասել, որ նաև որոշակի սեպ է դնում նաև մեր զորամասում հայ զինծառայողների և նաև այլ ազգությամբ զինծառայողների, հատկապես՝ ռուս զինծառայողների միջև»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նկատենք՝ առաջին անգամը չէ, որ Անդրանիկ Քոչարյանն այս տեղեկությունը հետևողականորեն ներկայացրել է՝ որպես ճիշտ. ավելի վաղ ի պատասխան «Կոլցո» օպերացիայի վերաբերյալ լրատվամիջոցներից մեկի հարցին՝ նա նշել էր. ««Կոլցո» օպերացիայի մասին կարող եք Սեյրան Օհանյանին հարցնել, ինքը այդ ժամանակ ծառայում էր 361-րդ գնդում՝ Ստեփանակերտում տեղակայված»:

Տեսանյութեր

Լրահոս