«Որ ասում են, թե ինքն իր ոտքին է կրակել՝ բացահայտ սուտ է. քննչական մարմինները հաստատել են, որ այդպիսի վարկած գոյություն չունի». Սեյրան Օհանյանը՝ որդու մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանությունների կողմից իր որդուն թիրախավորելուն, նաև այն խոսակցություններին, որ որդին պատերազմի ժամանկ ինքն իր ոտքին է կրակել, որպեսզի խուսափի մասնակցել մարտական գործողություններին:
«Կարծում եմ՝ այսօր ամբողջությամբ թիրախավորված է բանակը, գտնվելով ԱԺ-ում, թվում է, թե գտնվում եմ բանակում՝ նորից զորակոչվել եմ բանակ, կամ էլ գտնվում եմ դատարանում, որտեղ բոլոր հարցերն ուղղված են ինձ: Այնպիսի տպավորություն է, որ այսօր բանակի տերը ես եմ, իսկ իրենք էլ ընդդիմություն են, այնինչ ես, արդեն հինգ տարի է, բանակում չեմ ծառայում: Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորվել է նաև իմ որդին, որը եղել է զորամասի հրամանատար՝ գնդապետի կոչմամբ: Քրեական գործ է հարուցված, որով քննչական մարմինները հաստատել են, որ այդպիսի վարկած գոյություն չունի: Եթե դեպքերի հանգամանքները պարզեք, իսկ ես պարզել եմ, որ որդիս գտնվել է իր հրամանատարական կետում, որն ավելի շատ հեռու է առաջնագծից, եթե նա վախեցող լիներ, ապա չէր թողնի հրամանատարական կետը և մեկներ առաջնագիծ՝ այնտեղ գտնվող ստորաբաժանումներին աջակցություն ցուցաբերելու համար»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա, որդին ծառայության ընթացքում զինվորական ծառայությանը միշտ վերաբերվել է պարտաճանաչ կերպով, ձեռք է բերել համապատասխան մասնագիտական ունակություններ:
«Հրապարակավ հայտարարում եմ, որ նրան չեմ աջակցել, ամբողջ ծառայության ընթացքում ամեն ինչ ինքնուրույն է ձեռք բերել: Ավելին՝ զորամասի հրամանատար նշանակվելու ժամանակ անձամբ իրեն հրավիրել է Նիկոլ Փաշինյանը զրույցի, սակայն զորամասի հրամանատար նշանակելը վարչապետի գործառույթը չէ, այլ բանակի հրամանատարի գոծառույթը: Խոսակցության առարկան եղել է հետևյալը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հաշվի առնելով հայտնի հանգամանքները՝ հրավիրել է իրեն զրուցելու համար, թե որ հայտնի հանգամանքները՝ չգիտեմ, որդիս նրան պատասխանել է, որ ծառայելու է հայրենիքին և երբևիցե չի կարող հրաժարվել նաև հորից»,- հավելեց Սեյրան Օհանյանը:
Նա անընդունելի է համարում այդ ամենի մասին կրկին ԱԺ ամբիոնից բարձրաձայնելը:
«Այդ որ ասում են, թե ինքն իր ոտքին է կրակել՝ բացահայտ սուտ է»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում