
Տեղի է ունեցել փրկարար ծառայության ենթասպա Հարություն Աթաջանյանի արտաշիրիմումը

Փրկարար ծառայության ենթասպա Հարություն Յուրիի Աթաջանյանն այսուհետ կննջի հայրենի ծննդավայրում՝ Ստեփանակերտում: Տեղի է ունեցել նրա արտաշիրիմումը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սկսված լայնածավալ մարտական գործողությունների ընթացքում ԱԻՊԾ համահավաք գումարտակի անձնակազմի հետ միասին Հարությունը կատարելէ հումանիտար առաքելություն:
Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Ասկերանի վերին ենթաշրջանի Սղնախ գյուղի մոտակայքում:
Հուղարկավորվել էր ՀՀ Արարատի մարզի Ոսկեհատ գյուղում: Հարազատների նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել նրա արտաշիրիմումը:
Հուղարկավորմանն այսօր մասնակցել են ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը՝ ուղեկցությամբ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի, Հարությունի հարազատներն ու համածառայակից ընկերները:
Հարություն Աթաջանյանը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 3-ին Ստեփանակերտ քաղաքում:
2009 թվականին ավարտել է ԱրՊՀ ճարտարագիտական ֆակուլտետի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժինը:
2004-2006 թվականներին ծառայել է ԱՀ պաշտպանության բանակում:
2009 թվականին աշխատանքի է ընդունվել Արտակարգ իրավիճակների ծառայությունում, 2011 թվականին նշանակվել է վարորդ-փրկարար պաշտոնին:
Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար Հ.Աթաջանյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:
Ամուսնացած է, ունի 2 որդի: