«Դատարանը նախապես տեղեկացված է եղել, պարտադիր չէ ինձ բերման ենթարկելը». Արմեն Գևորգյանը՝ Աննա Դանիբեկյանի որոշման մասին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշում է կայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին բերման ենթարկել դատարան:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանն անդրադառնալով Դատարանի կայացրած այս որոշմանը՝ նշեց, որ շատ բաներից տեղյակ չէ, չգիտի, թե ինչպես է քննարկումն անցել, սակայն տարօրինակ է, որ նախորդ շաբաթ դատական նիստից իր բացակայությունը հարգելի է ընդունվել, իսկ այս շաբաթ՝ ոչ հարգելի:

«Դատարանը նախապես տեղեկացված է եղել, քանի որ առավոտյան մենք փաստաբանի հետ խոսել ենք, ով մեր խմբակցությունից գրություն է վերցրել ուղղված դատարանին, որ ԱԺ նիստերը շարունակվում են, և խմբակցությունը որոշում ունի հանձնաժողովների հետ կապված: Ես նման պրակտիկա ձևավորելու ցանկություն չունեմ, այսինքն՝ պարտադիր չէ ինձ բերման ենթարկելը»,- ասաց Արմեն Գևորգյանը:

Պատգամավորի մեկնաբանությամբ, եթե իր ներկայությունը դատարանում ապահովելու անհրաժեշտություն կար, ապա դատավորը կարող էր ընդմիջում հայտարարել, կապ հաստատեին իր հետ և խնդրեին, որ ներկայանա նիստին:

«Այդ պարագայում, հարգելով դատարանին, ես կարող էի ներկա լինել դատարանում: Ես այստեղ սենսացիա չեմ տեսնում, մեր դատարանն է, ոչինչ»,- եզրափակեց Արմեն Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս