«Հերիք չի՝ Արցախի 75 տոկոսը տվեցին թուրքին, հիմա էլ փորձում են խեղդել կորցրածը հետ բերելու բոլոր հույսերը». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Արցախի 75  տոկոսի կորստի պատճառով իշխանությունների մոտ որևէ ցավ ու ափսոսանք չի տեսնում, այդ թվում՝ զղջում:

«Ավելին ասեմ, նրանք փորձում են խորտակել կորցրածը հետ բերելու բոլոր ձգտումները, հույսերը: Հիշեք, ինչ էին ասում իշխանական պատգամավորների թեկնածուները, թե Արցախը հետ բերելու հայտարարությունները բաժակաճառ ասելու մակարդակի են: Հերիք չի՝ իրենք Արցախի 75 տոկոսը տվեցին թուրքին, հիմա էլ փորձում են խեղդել կորցրածը հետ բերելու բոլոր հույսերը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ այսօր Շուշիի, Հադրութի և առհասարակ Արցախի կարգավիճակը հստակեցված չէ, և պետք է բանակցել, հմուտ բանակցել, դաշնակիցներ ձեռք բերել և պետք է կարողանալ այդ հարցը վերադարձնել բանակցությունների սեղան:

«Շուշին, Հադրութը հնարավոր է հետ բերել բանակցությունների, բանակի վերազինման, վերակազմավորման, այլ ոչ թե բանակը կազմաքանդելու արդյունքում»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ քարտուղարի հայաստանյան այցին և նրա պաշտոնական հանդիպումներին, Արթուր Խաչատրյանը նկատեց. «Իշխանությունը փորձում էր ՀԱՊԿ-ին քաշել խորը խնդիրների մեջ, ՀԱՊԿ-ն էլ ասաց՝ գնացեք կողմնորոշվեք, հետո»:

Միաժամանակ նա ընդգծեց, որ այսօր իր համար անհասկանալի է ռուս խաղաղապահների տեղակայումը Տավուշում, նաև դրա վերաբերյալ տված իշխանությունների մեկնաբանությունները սպառիչ չեն:

«Հայ-ռուսական համագործակցության վերաբերյալ փաստաթղթի ո՞ր կետն է պահանջում, որպեսզի Ոսկեպարում, նաև այլ տեղ ռուս սպաներ հայտնվեն: Չեմ ասում՝ ինչու են եկել, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ առաքելություն են իրականացնելու: Այսօրվա իշխանությունները փորձում են սահմանազատման ու սահմանագծման համար հիմք ընդունել Խորհրդային Միության սահմանները»,- նշեց Արթուր Խաչատրյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս