Դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն, հարգելի՛ գործընկերներ. Վահե Հակոբյանը՝ ՀՀԿ-ից դուրս գալու ու քաղաքականություն վերադառնալու մասին

Ազգային ժողովը քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահե Հակոբյանի թեկնածությունը:

Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, այսօր ներկայացնելով Վահե Հակոբյանին, նկատեց. ««Հայաստան»  խմբակցությունն առաջադրելով պարոն Հակոբյանի թեկնածությունը՝ համոզված է, որ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կունենանք ի դեմս ընդդիմության ներկայացուցչի՝ ակտիվ, բոլոր հնարավոր տեսակետները ներառող, քննարկումների կազմակերպման համար պատասխանատու հանձնաժողով, և, որ ամենակարևորն է՝ խորհրդարանական վերահսկողական գործիքակազմը  կաշխատի ավելի արդյունավետ»:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն արդեն հարցուպատասխանի ժամանակ նկատեց, որ ըստ Վիքիպեդիայի տվյալների՝ Վահե Հակոբյանը 2017 թվականին ընտրվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային գրասենյակի ղեկավար, ապա Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ տեղեկություն ունի՞, թե վերջինս երբ է դուրս եկել ՀՀԿ-ից և ինչո՞ւ: ԱԺ փոխխոսնակը նաև հարցրեց, թե հաշվի առնելով ԶՊՄԿ-ի հետ Վահե Հակոբյանի կապը` չի՞ կարծում, որ վերջինիս ընտրվելու դեպքում շահերի բախման ռիսկ կլինի:

Առաջին հարցի վերաբերյալ Արծվիկ Մինասյանն արձագանքեց` այդ հարցին ավելի հանգամանալից կպատասխանի Վահե Հակոբյանը: Երկրորդ հարցին անդրադառնալով՝ «Հայաստան» խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ շահերի բախման դեպքերը կանոնակարգվում են ԱԺ կանոնակարգ-օրենքով, ինչպես նաև՝  պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքով, և համապատասխան դեպքերի պարագայում՝ կարող է քննարկվել թե՛ պատգամավորի, թե՛ իրավասու հանձնաժողովի վարքագիծը:

Ի դեպ, ավելի ուշ առաջին հարցի վերաբերյալ եղավ նաև Վահե Հակոբյանի արձագանքը. նա տեղեկացրեց՝ ՀՀԿ-ից դուրս է եկել 2018 թվականի հուլիսին:

ԱԺ փոխնախագահ, ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ այդ ժամանակաշրջանում իշխանությունը կորցրած Հանրապետական կուսակցության շարքերը շատերն էին լքում. ի վերջո, ինչո՞վ էր դա պայմանավորված՝ հետաքրքրվեց նա:

«Մեկ բանով էր պայմանավորված՝ այլևս չէի ուզում զբաղվել քաղաքականությամբ` այդ պահին։ Ու հետո դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն, հարգելի՛ գործընկերներ»,- ի պատասխան՝ նշեց Վահե Հակոբյանը։

Հարցին էլ,  թե՝ ինչո՞ւ չվերադարձաք հարազատ ՀՀԿ, Վահե Հակոբյանը պատասխանեց՝ երբ որոշեց վերադառնալ քաղաքականություն, հստակ մոտեցում ուներ սեփական կուսակցությունը ստեղծելու։

«Այդ թվում՝ ՀՀԿ-ի լավ և վատ՝ այո՛,  բացթողումները անալիզ անելով` մենք բերեինք-ստեղծեինք այն կուսակցությունը, որով կկարողանայինք հանդես գալ Հայաստանի քաղաքական կյանքի մեջ»:
Պատգամավորները Վահե Հակոբյանին ուղղեցին իրենց հետաքրքրող ամենատարբեր հարցեր՝ ռինգից մինչև ՊՈԱԿ-ում ծավալած գործունեություն, կառուցողական հարաբերություններից մինչև հայտարարագրեր:

Տեսանյութեր

Լրահոս